Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը դե՞մ է վիրավորանքի եւ զրպարտության լիովին ապաքրեականացմանը

Մարտ 16,2010 00:00

Զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների նկատմամբ, ընդդիմադիր ԶԼՄ-ներից բացի, վերապահումներ ունի նաեւ կառավարությունը:
Կառավարության մարտի 11-ի նիստում դարձյալ ոչ դրական եզրակացություն ներկայացվեց քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Գեւորգյանի առաջարկած փոփոխություններին: Ավելի ստույգ՝ այս նախաձեռնության առնչությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կառավարությունը վերստին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի տվյալ նախագծերը»:
2009 թվականի նոյեմբերի 23-ից շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությանը, որն արժանացել է ընդդիմադիր մամուլի քննադատությանը՝ կառավարությունն արդեն երկրորդ անգամ է հայտնում նման վերապահ եզրակացություն: Առաջին անգամ՝ 2009-ի դեկտեմբերի 28-ին էր հայտնի դարձել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եզրակացությունը, որում ընդհանուր առմամբ նշվում էր, թե «կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացմանը»: Սակայն արվում էին մի շարք վերապահումներ. «Եթե ընտրության անցկացման ընթացքում կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը դեռեւս պետք է համարվի քրեական հանցանք, ապա հիմնավորված չէ ցանկացած այլ անձի զրպարտելու ապաքրեականացումը»: Նաեւ նշել էր. «Իրավաչափ չէ նաեւ ծեծի համար քրեական պատասխանատվություն սահմանելը՝ վիրավորանքի եւ զրպարտության հանցանքներն ապաքրեականացնելու պարագայում, քանզի միջազգային իրավական փաստաթղթերում ֆիզիկական բռնությունը չի գերակայում հոգեկան տառապանք պատճառող վիրավորանքին կամ զրպարտությանը»: Գեւորգ Դանիելյանը նշել էր. «Նպատակահարմար է միաժամանակ նախատեսել եւ քրեական, եւ քաղաքացիական պատասխանատվության ինստիտուտները»: Կառավարության եզրակացության մեջ նաեւ ասված էր. «Նպատակահարմար չէ նաեւ սահմանել փոխհատուցման չափի որեւէ սահմանափակում: Մասնավորապես, այն կիրառելի չէ գործարար համբավի պաշտպանության դեպքում»:
Այս եզրակացությունից հետո նախագիծը լրամշակվեց, ու փետրվարի 22-ից ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է: Սակայն կառավարությունը դարձյալ գոհ չէ. նոր եզրակացությունը դեռ հրապարակված չէ: Բայց համեմատելով «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի նախորդ ու լրամշակված տարբերակները՝ պարզ է, թե որ հարցերում են հեղինակներն անտեսել կառավարության առաջարկները:
Կառավարությունն առարկել էր առաջարկվող մի լրացման դեմ. «Քաղաքացին, որի կարծիքով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակայնորեն տարածած անձի դեմ»: Նշելով, թե «դիմել դատարան անձի դեմ» արտահայտությունը չի ապահովում «նույնասեռ քաղաքացիաիրավական դրույթների խմբագրման միասնականությունը»՝ պրն Դանիելյանն առաջարկել էր հետեւյալ ձեւակերպումը. «Քաղաքացու պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն գլխով նախատեսված կանոններով՝ սույն պարագրաֆով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ»: Սակայն լրամշակված տարբերակում հեղինակները որոշ խմբագրական փոփոխություններ անելով, այնուամենայնիվ պահպանել են գլխավորը՝ միայն դատարան դիմելու պահանջը՝ հակառակ կառավարության դիրքորոշման:
Հեղինակներն ընդունել են կառավարության դիտողությունը եւ հրաժարվել սկզբնական տարբերակում տեղ գտած դրույթներից, թե տվյալները չեն մեկնաբանվում որպես զրպարտություն, եթե տեղ են գտել օրենսդիր մարմնում լսումների եւ նիստերի ընթացքում՝ այդ թվում նաեւ հանձնաժողովների կամ «գիտական կամ հանրային խնդրի» քննարկումների ընթացքում:
Կառավարությունն առարկել էր նաեւ այն դրույթի դեմ, թե զրպարտություն չեն համարվի այն տվյալները, որոնք «տարածած անձը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը»: Գեւորգ Դանիելյանը նշել էր. «Տեղեկության ճշմարտությունը պարզելը ոչ մի առնչություն չունի վիրավորանքի հետ, քանզի վիրավորանքի տարր պարունակում է նաեւ ճշմարտացի տեղեկատվությունը»: Սակայն չնայած նման «զորեղ» փաստարկին՝ պատգամավորները նախագծի այս մասը թողել են անփոփոխ: Նույն կերպ նաեւ պահպանվել են փոխհատուցման չափի սահմանափակումները:
Ի դեպ, նախագծի ներկա տարբերակից դուրս են մնացել նախորդում տեղ գտած հետեւյալ դրույթները. «Անձը կարող է ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա կրկնել է այնպիսի զրպարտող փաստացի տվյալ, որը նախկինում հրապարակայնորեն տարածվել է եւ չի հերքվել զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում», կամ «Դատարանը սույն հոդվածով սահմանված վնասի հատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնի պատասխանողի գույքային դրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել