Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ՝ «ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ»

Մարտ 16,2010 00:00

\"\"Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է ստեղծել հարկ՝ հարուստների համար

– Երեկ դուք բավականին ոգեւորված էիք, որ շրջանառության մեջ եք դնում մի նախագիծ, որը անվանել եք «Շքեղության հարկի մասին», ի՞նչ է ենթադրում այս օրինագիծը:
– Շքեղություն են համարվում որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող սեփականության հետեւյալ օբյեկտները՝ հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաները, ուղղաթիռները, ինքնաթիռները, մոտորանավակները, առագաստանավերը, դրամական միջոցները, արժեթղթերը, արտարժույթը, ինչպես նաեւ մշակութային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշները կամ դրանց հավաքածուները:
Դրանց հաշվառման եւ գնահատման կարգը սահմանում է կառավարությունը: ԱՊՀ երկրներից շքեղության հարկի մասին օրենք գործում է Ուկրաինայում, իսկ 2009թ. սեպտեմբերին Ղազախստանում ընդունվել է այդօրինակ մի օրենք, եւ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների ցանկը եւ դրանց հարկային դրույքաչափերը ամրագրվել են հարկային օրենսգրքում: 2007 թվականից սկսած՝ Ռուսաստանի Դաշնությունում բուռն քննարկումներ են ընթանում շքեղության հարկի մասին օրինագծի վերաբերյալ: Եվրոպական զարգացած երկրներում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ անշարժ գույքի արժեքի 1-2 տոկոսը: Ավստրիայում եւ Շվեյցարիայում 500-600 քառ. մ մակերես ունեցող քոտեջի համար սեփականատերերը պետությանը տարեկան վճարում են 10-15 հազար եվրո գումար: Ֆրանսիայում հարստության ունեցվածքի համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ հարստության, ունեցվածքի արժեքը ավելի է 750 հազար եվրոյից՝ անկախ իրենց ունեցած տարեկան եկամտի չափից: Գերշահույթների կամ հարստության համար հարկ են վճարում նաեւ Գերմանիայում եւ Իտալիայում: Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ՝ տվյալ ավտոմեքենայի արժեքի 33 տոկոսի չափով: Ընդ որում, շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավելի արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները: Իսրայելում ավտոմեքենաների հարկման չափորոշիչների հիմքում դրվում են ավտոմեքենայի չափերը եւ վնասակար գազերի արտանետումների քանակը: Այդ պարագայում քաղաքացիների վճարած հարկի չափը կազմում է տվյալ ավտոմեքենայի արժեքի շուրջ 70 տոկոսը:
– Ձեր հեղինակած նախագծում սահմանել եք տեղայնացած հարկատեսակներ՝ ըստ սեփականության օբյեկտների, եթե ճիշտ եմ հասկանում, դուք շեշտը դնում եք հարուստների ունեցվածքի վրա, բայց կան նաեւ միջին ունեցվածքի տեր մարդիկ, որոնք ինչ-որ պահի ինչ-որ բաներ են ձեռք բերել եւ մի կերպ են դա պահում եւ ձեր այս առաջարկի պատճառով այս դեպքում կարծես կտուժեն:
– Ոչ ոք չի տուժելու, քանի որ սեփականություն հանդիսացող հողամասերի, բնակարանների եւ առանձնատների հարկային դրույքաչափերը սահմանելիս հաշվի են առնվել դրանց գտնվելու, այսինքն՝ գոտիականության եւ սեփականատեր հանդիսացող անձանց քաղաքացիություն ունենալու, այլ երկրի քաղաքացի լինելու կամ քաղաքացիություն չունենալու հանգամանքները: Մասնավորապես, Երեւան քաղաքի եւ մարզերի կտրվածքով հողամասերի, բնակարանների եւ առանձնատների հարկային դրույքաչափերը սահմանելիս ցուցաբերված է դիֆերենցված մոտեցում, իսկ քաղաքացիության մասով նախապատվությունը տրվել է ՀՀ քաղաքացիներին: Չանդրադառնալով քանակական ցուցանիշներին՝ ավելացնեմ, որ, բնականաբար, օրինագծում շքեղության հարկի բեռը դրվել է բացառապես հարուստների վրա: Ինչ վերաբերում է անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների հարկմանը, ապա օրինագծում սահմանվել է շքեղություն համարվող ավտոմեքենայի արժեքի համապատասխան շեմ:
– Փաստորեն, այս նախագծով մտադիր եք հարկելի դարձնել հարուստների ամբողջ ունեցվածքը: Իսկ ինչպե՞ս են օգտագործվելու այն միջոցները, որոնք կառաջանան շքեղության հարկից:
– Հարստություն (ունեցվածք) ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս հարստություն (ունեցվածք) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ իր տարեկան եկամտի չափից, եթե ունի 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք սեփականության օբյեկտներ՝ հողամասեր, բնակարաններ, առանձնատներ, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, մոտորանավակներ, առագաստանավեր, դրամական միջոցներ, արժեթղթեր, արտարժույթ, ինչպես նաեւ մշակութային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործություններ, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշներ կամ դրանց հավաքածուներ, տարեկան վճարում է հարստության (ունեցվածքի) համար հարկ հետեւյալ դրույքաչափերով՝ մինչեւ 800.000 ԱՄՆ դոլարը՝ հարստության (ունեցվածքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 20 տոկոսի չափով, եւ 800.000 ԱՄՆ դոլար եւ ավելիի դեպքում՝ հարստության (ունեցվածքի) ընդհանուր արժեքի գերազանցող մասի 40 տոկոսի չափով:
Ինչ վերաբերում է շքեղության հարկի վճարումից ստացված ֆինանսական միջոցներին, ապա դրանք պետք է օգտագործվեն բացառապես սոցիալական պաշտպանության ծախսերը, այդ թվում՝ կենսաթոշակները, ծնելիության խթանումը, ընտանեկան նպաստները, գործազրկության նպաստները, հաշմանդամության, վատառողջության եւ անաշխատունակության նպաստները եւ միանվագ դրամական օգնությունը ֆինանսավորելու, ինչպես նաեւ բնակչության անապահով խավերի բուժօգնության ծախսերը պետական պատվերի շրջանակում իրականացնելու նպատակով:
– Իսկ ո՞վ է իրականացնելու այդ հարստության հաշվառումը, ինչպե՞ս եք պարզելու, թե ով ինչ ունի եւ ինչքան:
– Ես արդեն ասացի՝ սահմանում է կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել