Կիրակի օրը տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ քաղխորհուրդը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին եւ կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին նախարարական պորտֆելներից զրկել, որպեսզի նրանք աշխատեն կուսակցության ներսում. մեկը քաղաքական հարցերով կզբաղվի, մյուսը՝ տնտեսական: Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի, դարձյալ ՕԵԿ-ի քվոտայով, նոր-նոր ՕԵԿ-ական դարձած ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը, իսկ կապի եւ տրանսպորտի նախարար կդառնա դարձյալ ՕԵԿ քվոտայով՝ նոր-նոր ՕԵԿ-ական դարձած, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ Կադաստրի նախկինում պետ Մանուկ Վարդանյանը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հարցին՝ այս փոփոխությունները կապվա՞ծ են 2012-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Դուք գրեթե տրամաբանորեն վերլուծեցիք այն, ինչ մենք կատարել ենք: Մենք գոհ ենք մեր նախարարների աշխատանքից, որեւէ այլ խնդիր չի քննարկվում: Մենք կուսակցության մարտավարությունից եւ ռազմավարությունից ելնելով ենք կատարել այս փոփոխությունը: Եթե կուսակցության ներքին աշխատանքները ուժեղացնում են, բնականաբար, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, պատրաստվում են ընտրությունների»: «Առավոտի» հարցին՝ իսկ նորաթուխներին բարձրագույն պաշտոններ տալու կուսակցության այս որոշումից հնաբնակ ՕԵԿ-ականները չե՞ն նեղանա, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Խիստ կարեւոր է, որ այդ պաշտոններում լինեն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են եւ անցած ճանապարհ ունեն: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության հետագա ռազմավարությամբ եւ մարտավարությամբ»: