Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն ուղղված մեղադրանքներին կամ հրաժարականի պահանջներին՝ ասել էր. «Գիտեք, երբ որ քննադատում են, ասում են, որ լավ չի բանակցվել կամ լավ չեն ձեւակերպվել պայմանագրերը, եւ ասում են նրանք, ովքեր երբեւէ չեն բանակցել եւ երբեւէ չեն կնքել որեւէ պայմանագիր, ապա առնվազն դա տարօրինակ է»: ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մարտի 13-ին «Հայելի» ակումբում հակադարձելով Էդվարդ Նալբանդյանի այդ փաստարկին՝ ասել է. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ երբ դեռ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դպրոց էր գնում՝ Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ՝ հաջողությամբ էր վարում: Եվ օրինակ, Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի օգտին՝ դեռ անկախություն չունեցող Հայաստանի օգտին, միջազգային մթնոլորտ էր փոխում Դաշնակցության, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ: Եվ մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել՝ պետք չէ: Կարծում եմ, որ նախարարի պատկերացմամբ՝ ինքն առանձնահատուկ հմտություններ ունի բանակցություններ վարելու, որ չունեն ուրիշները: Բայց ամերիկյան գործընկերները հանդիպումների ժամանակ մեր կողմին ասել են, որ վերջապես, այո, իրենք էլ հասկանում են, թե արձանագրություններում կան նախապայմաններ, բայց դե ձեր կողմն ընդունել է՝ թող չընդուներ: Եթե բանակցություններ վարելու հմտությունն ամեն ինչին «էստի համեցեք» եւ «այո» ասելն է՝ այո, այդ հմտությունը մենք չունենք. մենք ուրիշ կերպ կվարեինք բանակցությունները: Իսկ թե նրանց վարած բանակցություններն ինչ արդյունք են տալիս՝ շատ լավ երեւաց ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներում, որտեղ բազմաթիվ կոնգրեսականներ, այդ թվում, ցավոք սրտի, նրանք, ովքեր միշտ կողմնակից են եղել Ցեղասպանության բանաձեւի անցնելուն՝ այս անգամ խոսում էին արձանագրությունների մասին՝ բանակցությունները ներկայացնելով որպես այնպիսի գործոն, որ թույլ չի տալիս հիմա Ցեղասպանության հարցին անդրադառնալ»: Վահան Հովհաննիսյանը հավելել է. «Արձանագրությունների վնասն արդեն ակնհայտ է. օգուտները մենք դեռ չենք տեսել, եւ վախենամ՝ չենք էլ տեսնելու, բայց որ վնասն ակնհայտ է, սա պարզ է»: