ԱԱԽ հերթական նիստում մարտի 13-ին քննարկվել են Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման մասին հարցը եւ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականներին իրականացվելիք բարեփոխումների ծրագրի նախագիծը: Նիստից հետո կայացած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստում հանրապետության նախագահը ներկայացրել է փարիզյան այցի արդյունքները՝ փաստելով, որ այսուհետ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել կխորանան բազմաթիվ ուղղություններով. «Ինչ վերաբերում է զորակոչի կազմակերպման եւ անցկացման խնդիրներին՝ հարցի քննարկումը պայմանավորված էր ԱԱԽ 2010 թ. տարեկան ծրագրով: 2009-ին ԱԱԽ-ն անդրադարձել էր մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրին, իրավասու մարմիններին տրվել էին համապատասխան հանձնարարականներ՝ բարելավելու զորակոչի արդյունավետությունը: Նիստում վերահսկողական դիտարկում իրականացվեց արձանագրված առաջընթացը մատնանշելու եւ առկա խնդիրները եւս մեկ անգամ բարձրաձայնելու՝ թերություններն ու բացթողումները վերացնելու համար»:
Նիստում որոշում է կայացվել հանրապետությունում ստեղծել քաղաքացիների հաշվառման, զորակոչիկների կցագրման մեկ միասնական համակարգ, քանի որ անհրաժեշտ է համակարգված համագործակցության մեխանիզմ ապահովել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զինկոմիսարիատների եւ զորակոչի խնդիրներով զբաղվող մյուս պետական մարմինների միջեւ: Առողջության պատճառով զորակոչից խուսափելու դեպքերը մտահոգիչ են համարվել, ուստի տրվել են համապատասխան հանձնարարականներ, համաձայն որոնց՝ պետական կառավարման մարմիններն այս տարվա ընթացքում կձեռնարկեն կոնկրետ քայլեր զորակոչի վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ: «Կարեւոր է, որ ՀՀ զինված ուժերում օրեցօր ավելանում է պայմանագրային զինծառայողների թիվը, միայն վերջին մեկ տարվա ընթացքում նրանց թիվն աճել է շուրջ 2 հազարով: Սա կարեւոր է ո՛չ միայն այն առումով, որ պայմանագրային զինծառայության ծավալներն աճում են մեր զինված ուժերում, այլ նաեւ՝ սոցիալական խնդիր է լուծվում, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման համատեքստում: Առաջիկայում կշարունակվի եւ Հայաստանի զինված ուժերում նախատեսված բարեփոխումների շրջանակում կընդլայնվի այս միտումը»,- ասել է Ա. Բաղդասարյանը: