Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել է համարժեք պատասխան

Մարտ 16,2010 00:00

Ըստ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ավարտից հետո Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին խնդրեցինք մեկնաբանել համաժողովում հնչած մի քանի տեսակետներ՝ կապված ԼՂ հարցի կարգավորման ընթացքի հետ: Կարեն Ավագյանի ներկայացմամբ՝ բոլորովին էլ այնպես չէ, որ համաժողովի ժամանակ թուրք պատգամավորները ասել են բաներ, որոնք համարժեք պատասխաններ չեն ստացել. «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ ձեւակերպել ենք, շնորհակալություն ենք հայտնել բոլոր այն խորհրդարաններին, որ ճանաչել են Ցեղասպանությունը, եւ բանավիճելու կարիք չկար, թեկուզ որպես հյուրընկալող կողմ եւ արարողակարգային ընթացակարգից շեղված չլինելու համար: Իսկ համաժողովի վերջին օրը իմ ելույթից հետո թուրք պատգամավորը ընդամենը շեղվեց ընթացակարգից՝ փորձելով ինչ-որ սենսացիոն բան ասել, բայց ներկաների կողմից արժանացավ ծաղրալի վերաբերմունքի»:
Քանի որ համաժողովի ընթացքում անչափ շատ խոսվեց Ղարաբաղի մասին, հետաքրքրվեցինք՝ նշանակո՞ւմ է սա, որ հարցի լուծումը մոտ է: Ըստ պատգամավորի. «Բեռնար Ֆասիեն իր ելույթում փորձում էր ականջահաճո դարձնել այն միտքը, որ Ղարաբաղը պետք է առանձին մասնակցի բանակցային գործընթացին: Դրա մասին մենք բազմիցս խոսել ենք եւ այսօր ականատեսն ենք դառնում, որ դրա մասին արդեն խոսում են նաեւ համանախագահները, եւ գոնե մեզ համար հասկանալի է, որ շատ կարճ ժամանակահատված հետո ղարաբաղյան կողմը լինելու է բանակցությունների մաս: Բոլորս հասկանում ենք, այդ թվում եւ համանախագահողները, որ այդ խնդրի լուծումը հնարավոր չի լինելու, եւ պարոն Ֆասիեի խոսքում հենց դա էր կարեւորը, քան այն ձեւակերպումները, որով ինքը այդ միտքը հնչեցրեց»:
Հիշեցրինք, որ իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը հատուկ շեշտեց, որ կարեւոր է, որպեսզի հարցը լուծվի արագ, հենց հիմա եւ ոչ թե անգամ մոտ ապագայում: Այս մտքին մեկ օր անց հակադարձեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շեշտելով, որ ցանկացած շուտափույթ լուծում լի է սխալներով եւ վտանգներով, իսկ Ղարաբաղի հարցում պարզապես չի կարելի շտապել: Ուզեցինք պարզել՝ արդյոք ՆԱՏՕ-ի ԽՎ այս համաժողովը չօգտագործվե՞ց մեր հանրությանը Ղարաբաղի հարցի կարգավորման մասին որոշ մանրամասներ հաղորդելու համար: Կարեն Ավագյանի ներկայացմամբ՝ հնարավոր է, միջազգային կառույցների որոշ ներկայացուցիչների հայտարարություններում կար շտապողականություն, սակայն «մեր դիրքորոշումները շատ հստակ են, եւ մինչ այսօր այդ դիրքորոշումներից որեւէ շեղում չի եղել: Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բազմիցս կրկնել ենք, բազմիցս կրկնել ենք նաեւ, որ Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որ արտահայտի Ղարաբաղի ժողովրդի կամքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել