Երեկ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը
Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ընդդիմության կողմից ԵԱՀԿ-ին ուղղված այն մեղադրանքին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ «Մարտի 1»-ի գործերով տեղի ունեցած դատավարություններին վերաբերող զեկույցի հրապարակումը, որը տեղի ունեցավ միայն այս մարտի սկզբին, ուշացած էր, եւ դա պայմանավորված էր ՀՀ իշխանությունների եւ ԵԱՀԿ-ի միջեւ ձեռք բերված գործարքով, հայտարարել է, որ թեեւ զեկույցը պատրաստ է եղել անցած տարվա հուլիսին, սակայն ներկայացվել է ավելի ուշ, քանի որ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացված եղել, եւ աշխատանքը հսկայածավալ է եղել:
Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանում ամենախոցելին դատական համակարգն է, եւ դրա պատճառը օրենքների չկիրառումն է, իսկ օրենքները, ըստ նրա, «կարող են կիրառվել այն դեպքում, երբ դատական համակարգն ավելի կատարյալ լինի, երբ այն հստակորեն ամրագրի բոլոր խախտումները»։ Կապինոսն ասել է, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մտադիր է ՀՀ Սահմանադրական դատարանի, արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի հետ փորձագետների մակարդակով աշխատանքներ տանել՝ հայաստանյան դատական համակարգում մատնանշված թերությունները վերացնելու ուղղությամբ։
Կապինոսը, անդրադառնալով 2008թ. մարտյան դեպքերի հետեւանքով ձերբակալվածներին եւ դատապարտվածներին, ձեռնպահ է մնացել հստակ պատասխանել այն հարցին, թե նրանք քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:
Նրա ասելով, քանի որ եվրոպական իրավաբանական պրակտիկայում քաղբանտարկյալների մասով հստակ ձեւակերպում չկա, դժվար է ասել, թե ընդդիմության՝ անազատության մեջ գտնվող 14 ակտիվիստները քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։ «Այս առումով հարցը շատ բարդ է։ Ընդդիմությունը նրանց քաղբանտարկյալներ է կոչում, սակայն նրանցից շատերին զուտ քրեական մեղադրանք է առաջադրված: Այդ մարդիկ մարտյան դեպքերի հետ կապված դատապարտվածներ են, եւ միայն դատարանն է իրավասու տալ կոնկրետ սահմանումներ: Եվրոպական օրենսդրության մեջ այդ բառի իրավական ձեւակերպումը չկա»,- հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկին դատարանի կայացրած որոշումն անարդար է թվում, կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաեւ մեջբերել է Հայաստանի օմբուդսմենի այն գնահատականը, թե՝ համաներումը չպետք է այդպիսի ընտրովի բնույթ կրեր։
Կապինոսը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը, որ օրերս Երեւանում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը իրեն նկատողություն է արել, թե կազմակերպության երեւանյան գրասենյակը ոչ լիարժեք տեղեկություններ է հաղորդել խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում առկա իրավիճակի մասին։ «Դա նկատողություն չէր։ Դա փաստի արձանագրում էր»,- հայտարարել է նա: Փոխարենը՝ Երեւանում ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ քաղաքական գնահատականներ է տվել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին ու արտահերթ ընտրությունների հեռանկարին՝ բացառելով նման տարբերակը: Նա ասել է, թե անձամբ ինքը Հայաստանում չի կանխատեսում այդպիսի իրավիճակ, որը կբերի արտահերթ ընտրությունների, եւ չի կարծում, որ Հայաստանին «ապակայունացման վտանգ» է սպառնում: Նկատենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը Հայաստանում մեկ էլ իշխանությունն է «ապակայունություն» որակում:
Սերգեյ Կապինոսը անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակին՝ ասելով, թե ճգնաժամը լրջորեն անդրադարձել է ինչպես ընդհանրապես՝ Հայաստանի, այնպես էլ բնակչության վրա, որ երկրի տնտեսությունում ակնhայտորեն լուրջ խնդիր կա: Ըստ նրա, պարզվել է, որ մեր երկրի տնտեսությունն «այնքան էլ արդիական եւ դինամիկ չէ»:
Ի դեպ, ավելի վաղ՝ դեռ մարտի 11-ին, «Առավոտի» հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիայի» հայաստանյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցին անդրադառնալով՝ ասել էր, թե ավելի քան բացասական է գնահատում այդ կառույցի գործունեությունը Հայաստանում, եւ դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ Երեւանում այդ կառույցն արդեն տարիներ շարունակ ներկայացնում են ՀՀ իշխանությունների պատվարը հանդիսացող Ռուսաստանի ներկայացուցիչները. «Մեր կազմակերպությունը դադարել է Երեւանում այդ՝ արդեն մահացած կառույցի հետ համագործակցությունը դեռ նախկին դեսպան Պրյախինի ժամանակներից: Հիմա այդ կառույցը, Ռուսաստանի պնդմամբ, ղեկավարում է մի մարդ՝ Կապինոսը, որը ժամանակին Ռուսաստանում շատ լուրջ պաշտոն է զբաղեցրել. երեւի ոչ մեկին չեմ զարմացնի, եթե ասեմ՝ այդ երկրի հատուկ ծառայություններում: Մենք նրա հետ համագործակցության ի՞նչ եզր կարող ենք ունենալ»: