ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ժամանակ անհավանական էր համարել պատերազմի վերսկսումը եւ, ի թիվս այլ փաստարկների, նշել էր նաեւ այն, որ ինքը ծանոթ է հայ մարտիկների, մասնավորապես՝ ղարաբաղցի մարտիկների խիզախությանը: Այս միտքը դժգոհություն է առաջացրել Բաքվում: Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ասելով, որ հարմար պահի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այս մասին կխոսի պարոն Ֆասիեի հետ: Trend գործակալության փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն ցանկանում է պարզել, թե ինչ նկատի ունի ֆրանսիացի համանախագահը: Day.az-ի հետ զրույցում քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է. «Այդ հայտարարությունից երկու բան կարելի է եզրակացնել՝ կամ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ Ֆասիեի մոտ բացակայում է դիվանագիտական որակավորումը: Սակայն, կարծում եմ, դա թթի օղու ազդեցությունն էր»: Թեպետ Բեռնար Ֆասիեն դեռ չի արձագանքել Բաքվի այս մեղադրանքներին, սակայն «Առավոտի» թղթակիցը, որը լուսաբանել է այդ համաժողովի աշխատանքները, վկայում է, որ պարոն Ֆասիեն այդ օրը միանգամայն սթափ վիճակում էր եւ նրանից օղու կամ այլ ոգելից խմիչքի հոտ չէր գալիս: