Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 113-ամյակը: Այս առթիվ երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ապագա լրագրողների եւ դասախոսների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ: Շուրջ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ գրողը պատմեց Չարենցի՝ միայն 1919-1920 թթ. ժամանակաշրջանի մասին: Նա Չարենցին նվիրված ֆիլմի համար սցենար է գրել: «Առավոտի» հետ զրույցում Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ ֆիլմն ունի 2 պրոդյուսեր՝ «Շարմ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը եւ մոսկվացի Արմեն Գրիգորյանը, ովքեր էլ պատվիրել են սցենարը: Ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ, եւ նրան կընտրեն պրոդյուսերները: Վ. Մարտիրոսյանը նշեց միայն, որ սցենարի պատվիրատուները երկընտրանքի առջեւ են՝ Չարեցի մասին ֆիլմը նկարահանել լիամետրա՞ժ, թե՞ բազմասերիանոց տարբերակով: Վ. Մարտիրոսյանն ասաց, որ սցենարը գրելիս օգտվել է խորհրդային տարիներից հետո հրապարակված նյութերից, նաեւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից, սակայն ստիպված է եղել հաղթահարել մի շարք տեխնիկական խոչընդոտներ, կատարել ինքնուրույն գրականագիտական, հետազոտական աշխատանք. «Մի կողմից Չարեցին վերաբերող 5-6 հուշերի գիրք կա, մյուս կողմից՝ անհեթեթ վիճակ է այն իմաստով, որ դրանցից ոչ մեկը ծանոթագրված չէ, մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է, որ հուշերի գրքերն ունենան գիտական ծանոթագրություններ, որպեսզի իմանաս, թե ով է հուշագիրը, ինչ առնչություն է ունեցել գրողի հետ եւ այլն»:
Հարցին՝ արդյո՞ք ծանոթ է Գեւորգ Էմինի որդու՝ Արտաշես Էմինի մոտ եղած նյութերին, եւ սցենարում տեղ գտե՞լ են սեռական կողմնորոշմանը վերաբերող նյութեր, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրանց ծանոթ է, բայց նպատակ չի ունեցել Չարենցին ներկայացնել անտիպներով ու անհայտ ինչ-որ բացահայտումներով. «Չարենցն այնքան գլուխգործոցներ ունի, որ դրանք հնչեցնելու համար հսկայական ծավալ ու աշխատանք է պետք, որպեսզի հանդիսատեսը գոնե բանաստեղծական մի երկու քառատող տեսնի»: Ուսանողներից մեկի հռետորական հարցին՝ ինչո՞ւ Չարենցի նմաններն այսօր չկան, գրողն այսպես պատասխանեց. «Ես էլ ձեզ կարող եմ հարցնել»: