Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքի կորուստները

Մարտ 13,2010 00:00

Սոցիալական վատ պայմանների արդյունքում 7 օրական նորածինը մահացել է,
ընտանիքը շարունակում է ապրել նույն պայմաններում:

\"\"

Ստեփանյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի վերջնամասում՝ մի փոքրիկ, փայտաշեն տնակում: Տնակը, որպես ապավեն եւ ապաստան, խիստ անհուսալի է՝ պատերի միջով ազատ ելումուտ են անում քամին ու ձյունը: Տանիքն էլ մի լավ օրի չի ու անձրեւային եղանակներին անզոր է իր տերերին պաշտպանել թրջվելուց:
Ընտանիքը 15 տարի առաջ նորմալ բնակարանային պայմաններ ուներ Աշտարակում: Տան տղամարդու հիվանդությունը, սակայն, պատճառ դարձավ, որ Ստեփանյանները վաճառեն իրենց բնակարանը: Բնակարանի վաճառքից ստացած գումարը չփրկեց հիվանդին, իսկ նրա մահից հետո անտուն մնացած ընտանիքը ստիպված եղավ մնացած գումարով էժան կացարան գնել: Արմավիրի մարզի Խորոնք գյուղում փայտաշեն տնակ ձեռք բերեցին ու հիմնավորվեցին այստեղ:
Ստեփանյաններն այդ գյուղում միակ ընչազուրկ ընտանիքը չեն. գյուղապետ Սարգիս Նահապետյանի ասելով՝ նման կարգավիճակում շատերն են: Այս ընտանիքը, սակայն, առանձնահատուկ է իր բնակիչներով: Այստեղ՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմաններում հինգ երեխա է ապրում. մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 1,5: Ոչ նորմալ սնվում են, ոչ՝ հագնվում: Չնայած մեծերը հագուստի հարցը «լուծել» են՝ մեկին մյուսի շորերով են մեծացնում, բայց անլուծելի է հանապազօրյա հացի խնդիրը: Ընդամենը 45 000 դրամ նպաստով գոյատեւող բազմազավակ ընտանիքի անունը խանութպանի ապառիկ վաճառքի՝ «նիսյայի» ցուցակից երբեք չի ջնջվում: Ընտանիքի մեծ մայր-տատիկը՝ Լուսվարդ Ստեփանյանը, այնքան հուզված էր, որ խոսել չկարողացավ: Իսկ որդին՝ Արայիկ Ստեփանյանը, անելանելիությունից անկանոն շարժումներ էր անում: «Ես աշխատող տղա եմ, ավտոմեխանիկ եմ, նաեւ տրակտոր եմ քշում: Բայց աշխատանք չկա, որ մի երկու կոպեկ առնեմ՝ երեխաներիս պահեմ: Քաղաքում աշխատել չեմ կարող, որովհետեւ ամեն օր գնալ-գալու փող չունեմ, իսկ գյուղում պատվերներ ունենում են նրանք, ովքեր տեխնիկա ունեն»:
Արայիկի մի աչքը տարիներ առաջ վնասվել է դժբախտ պատահարից, եւ երիտասարդ հայրը մասամբ զրկվել է տեսողությունից: Հաշմանդամության թոշակ, սակայն, չի ստանում: Ասաց, որ փաստաթղթային քաշքշուկների մեջ են գցում, իսկ իր հնարավորությունները միշտ չէ, որ թույլ են տալիս քաղաք գնալ:
Ստեփանյաններին այցելել էինք՝ ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրելու էր նաեւ ընտանիքի վեցերորդ երեխան. օրեր առաջ Գայանե եւ Արայիկ ամուսնական զույգը կյանք պարգեւեց նաեւ վեցերորդ երեխային: Բազմազավակ մայրը՝ 29-ամյա Գայանե Ղոնախչյանը, ստիպված էր հարյուրերորդ անգամ ասել, որ աղանդավոր չէ. «Ինչո՞ւ եք շատ երեխա ունենալը անպայման կապում աղանդավոր լինելու հետ: Չի կարելի՞ երեխա ունենալ ուղղակի նոր կյանք տալու համար: Բացի այդ՝ իմ ու ամուսնուս հարաբերությունները շատ ջերմ են, երեխաներս էլ՝ շատ խելոք, դրա համար էլ 6-րդը ունեցանք: Գիտեմ, որ պահելու-մեծացնելու հարցում շատ դժվարություններ ենք ունենալու, բայց դրանից չենք վախենում: Ոնց որ հինգին ենք մեծացրել, այնպես էլ վեցերորդին կպահենք-կմեծացնենք»: Որքան էլ Գայանեն խուսափում էր պատմել իրենց դժվար կյանքի մասին, այդուհանդերձ, դրանք վկայող խոսուն փաստերը չես թաքցնի: Նորածնի թե անկողնային սպիտակեղենը, թե խանձարուրի փաթաթաշորերը այնքան խունացած ու հին էին, որ միանգամից ուրվագծվում էր դրանց սերնդեսերունդ  անցած ճանապարհը: Անկողնային պարագաներով Ստեփանյաններին օգնեց Էջմիածնի ծննդատունը, իսկ տնօրեն Աշոտ Սամսոնյանն ու բուժանձնակազմը պատրաստակամություն հայտնեցին հոգալ երիտասարդ կնոջ առողջական խնդիրների մասին, եթե այդպիսիք ծագեն: Երբ երեխայի ծննդի առիթով մեր ջերմ ցանկություններն ու բարեմաղթանքները հղեցինք բազմազավակ ընտանիքի ավագին՝ Գայանեի սկեսուր տիկին Լուսվարդին, վերջինս փոքր-ինչ նեղված խոստովանեց, որ դժվարությունների բեռն ավելանալու է:
«Բայց ուրախ եմ փոքրիկի ծնունդով, թող առողջ ու բախտավոր երեխա լինի՝ Աստծո աչքը վրան, մնացած նյութականը կամաց-կամաց կլինի: Հույսներս չենք կտրում»,- ասաց տիկին Լուսվարդը: Թշվառության թունելի վերջում ընտանիքը լույս էր տեսնում. երեխայի ծննդօգնության 430 000 դրամով կով էին գնելու, որով մասամբ լուծելու էին սննդի հարցը: Բայց……Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ փայտաշեն ու ցուրտ տնակում յոթ օր ապրելուց հետո նորածինը մահացել է: Երեխայի կորստով փշրվում եւ վերանում է կով ունենալու Ստեփանյանների հույսը:
Ասում են՝ պետությունը խրախուսում է երիտասարդ զույգերին, որոնք համարձակվում են շատ երեխա ունենալ: Նույնիսկ մի շարք  ծրագրեր է մշակել՝ սատարելու համար բազմազավակ ընտանիքներին: Ստեփանյանները մեկն են Հայաստանում ապրող այն ընտանիքներից, որոնց համար պետական աջակցությունը շոշափելի չէ, եթե չասենք՝ ընդհանրապես չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել