Որդեկորույս Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդուն սպանողներից ոմանք ազատության մեջ են եւ սպառնում են վկաներին
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Վարդումյանը սպանվել է ՀՀ վերջին նախագահական ընտրությունների օրը՝ 2008 թվականի փետրվարի 19-ին: Սպանվածի մայրը՝ Սեդա Վարդումյանն ասում է, որ որդուն Աչաջուրի գյուղամեջում սպանել են նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր որդիները եւ եղբոր փեսաները: Կնոջ խոսքերով՝ հրազենից կրակել են Դավիթի վրա, նաեւ՝ հարվածել քարով, փայտով, երկաթյա ձողով: Սեդա Վարդումյանի վկայությամբ, ընտրության օրը Աչաջրում հերթապահել է 5 ոստիկան, դեպքի վայրում շատ մարդիկ են եղել, նախկին գյուղապետի եղբայրը՝ Կամո Ղալթախչյանը, ականատես է եղել, հետ է մղել այն աչաջուրցիներին, ովքեր ցանկացել են միջամտել, հետո ձեռքով ազդանշան տվել իր տղային՝ 24-25 տարեկան Ահարոն Ղալթախչյանին, թե բավական է խփելը: Տիկին Վարդումյանը վրդովված է՝ ինչո՞ւ է մեղադրյալի աթոռին միայն մի անձ՝ Ահարոն Ղալթախչյանը: Սպանվածի մայրը համոզված է, որ եղել է խմբակային, կանխամտածված սպանություն, որ նախօրյակին Ղալթախչյանները իրենց տան բակում փորձարկել են հրազենը՝ կրակելով կատվի վրա, եւ այդ կրակոցների ձայնը լսվել է նաեւ իրենց տանը: Սպանության պատճառի վերաբերյալ իմ հարցին ի պատասխան, Սեդա Վարդումյանն ասաց, որ իր որդին ազնիվ ու պարկեշտ է եղել, եւ Ղալթախչյանները նախանձել են նրան:
Տիկին Սեդան պնդում է, որ այդ օրը որդուն սպանողները ոտնձգություն են կատարել նաեւ աչաջուրցի մեկ այլ երիտասարդի՝ Դավիթ Եգանյանի նկատմամբ, եւ վերջինս կարող է դա հավաստել: Սեդա Վարդումյանը նաեւ դժգոհում է, թե ինչու սույն գործով դատավարությունը ոչ թե Իջեւանում, այլ Բերդ քաղաքում է անցկացվում: 2010 թվականի հունվարին սկսված դատը արդեն երկու անգամ հետաձգվել է: Մոր խոսքով՝ դատի հերթական նիստի չկայանալու մասին իրենք տեղյակ չեն լինում, երեք ավտոմեքենա վարձելով՝ մեկնում են Բերդ ու հետ դառնում: Իսկ ամբաստանյալի հարազատները նախօրոք տեղյակ են լինում եւ Բերդ չեն հասնում: Ինչո՞ւ նիստի չկայանալու մասին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) իրենց տեղյակ չի պահում՝ տարակուսում է տիկին Սեդան: Այս հարցերի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին: Դատախազն ասաց, որ ցավակցում է որդեկորույս մորը, անձամբ 3 անգամ ընդունել է Սեդա Վարդումյանին, իսկ 2009 թվականի մայիսի 15-ին Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում տիկին Սեդային ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Տիկին Մանթաշյանի խոսքերով՝ այս հանցագործությանն այլ անձանց մասնակցության վերաբերյալ տիկին Սեդայի պնդումների կապակցությամբ Տավուշի մարզի քննչական բաժնում ստուգում է կատարվել, Սեդա Վարդումյանի դիմումում նշված բոլոր հանգամանքները ստուգվել են, նրա նշած անձինք հարցաքննվել են, նշված անձանց հետ տիկին Սեդան առերեսվել է, սակայն Դավիթ Վարդումյանի սպանությանն այլ անձանց մասնակցությունը չի ապացուցվել: Աննա Մանթաշյանը սույն գործով դատավարության մեղադրողն է եւ ասաց, որ դատավարությունը 2 անգամ հետաձգվել է ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառով: Դատն էլ Բերդ քաղաքում է կայանում այն պատճառով, որ տեղի դատարանի դահլիճը, ի տարբերություն Իջեւանի դատարանի, նորոգված եւ բավական ընդարձակ է, այս գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա եւ շատերն են ցանկանում ներկա գտնվել:
Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն ասաց, որ իրենց կենտրոնը տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանելու համար տիկին Սեդային փաստաբան է տրամադրել: Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդու սպանությանը մասնակից անձինք, մնալով ազատության մեջ, սպառնում կամ փորձում են կաշառել վկաներին: Նա նաեւ տարօրինակ է համարում այն փաստը, որ այս սպանության բացահայտման վերաբերյալ ոստիկանական «1-02» հաղորդաշարը ոչինչ չի հաղորդել: