Դատապարտյալները «Առավոտի» միջոցով դիմում են
Մեծարգո նախագահ, այս տարվա փետրվարի 11-ին «Առավոտում» «Դեռ չէի հասցրել ամուր կանգնել՝ հայտնվեցի կալանավայրում» հրապարակմամբ խնդրել էի Ձեզ ներում շնորհել:
Մինչ այսօր խնդրանքս անպատասխան է մնացել: Երեւի չեք հասցրել կարդալ նամակ-հրապարակումս կամ չեն զեկուցել Ձեզ, հետեւաբար, հուսահատությունից դրդված, նորից եմ դիմում՝ այս անգամ հույս փայփայելով, որ անհետեւանք չի մնա խնդրանքս, որ ներում կշնորհեք: Ներում շնորհելով, կանանց միամսյակի առթիվ կօգնեք մի այրի կնոջ եւ մի դեռատի օրիորդի՝ մեկին ազատություն պարգեւելով, մյուսին՝ մորը վերադարձնելով:
Ես քաջ գիտակցում եմ, որ ներումը տրվում է կյանքում մեկ անգամ, իսկ հանցագործը երբեք վերջին հնարավորությունը չի օգտագործի, մտածելով, թե, Աստված մի արասցե, նորից կհայտնվի նույն վիճակում: Դուրս գալով այս բերմուդյան եռանկյունուց, խոստանում եմ՝ երբեք չեմ սայթաքի: