Ես՝ Մկրտիչ Մնացականի Մարգարյանս, ծնվել եմ 1973թ., նախկինում 6 անգամ դատապարտվել եմ: Ներկայումս դատապարտվել եմ ազատազրկման 8 տարի ժամկետով: Կալանքի տակ եմ 2005թ. հունվարի 21-ից: Այս նամակը թվով երրորդն է, որը գրում եմ «Առավոտին»: Ինչո՞ւ չեք պատասխանում, մի՞թե կարելի է այդպես վարվել հիվանդ դատապարտյալի հետ: Ուզում եմ տեղեկացնել, որ տառապում եմ տուբերկուլյոզ (թոքախտ) հիվանդությամբ, իսկ պատիժս կրելու ժամանակահատվածում տարել եմ աղեստամոքսային ծանր վիրահատություն:
2009թ. հունվարից ինձ չեն ազատում, երբ օրենքով հասնում է կեսով ազատում: Դիմել եմ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ստացել անբավարար պատասխան: Հետո դիմեցի ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ արժանացա մերժման: Դիմել եմ ՔԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանին. կրկին մերժվել եմ: Պատճառն այն է, որ չունեմ գումար, որպեսզի կաշառեմ, կարողանամ հանգիստ խղճով ազատվել: Ի դեպ, կաշառքով ազատվելու համար տեղեկացրել եմ ԱԺ նախագահին: Իսկ ճշմարտությունն այն է, որ մեկ դատապարտյալից 9 ամսվա համար 1500 դոլար են վերցնում, 2 տարի 10 ամսվա համար՝ $4000…
Ես «Սեւան» ՔԿՀ-ում էի 2009թ. օգոստոսի 2-ից, ինքնամեկուսացված, իմ ոտքով մտա պատժախուց, պահանջեցի ազատությունս: Հաջորդ օրը հայտարարել եմ հացադուլ եւ 25 օր մնացել հացադուլի մեջ: Որեւէ մեկը հաշվի չի առել իմ պահանջը: 2009թ. օգոստոսի 2-ից մինչեւ նոյեմբերի 16-ը գտնվել եմ «Սեւան» ՔԿՀ-ում: Նոյեմբերի 16-ին ինձ մոտ պատժախուց է եկել ռեժիմի գծով պետ, արդարադատության մայոր Նազարյանը, որը հայտնել է, որ Աշոտ Գիզիրյանի հրամանով ինձ տեղափոխում են «Հրազդան» ՔԿՀ՝ մնացած պատիժն այնտեղ շարունակելու: Տեղափոխվել եմ: Դեկտեմբերի 2-ին՝ իմ ազատման դիմումի հետ կապված հրավիրվել է վարչական նիստ, որտեղ մերժվել եմ, քանի որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Ա. Սարգսյանը բացատրեց, որ դեռ 3 ամիս չկա ինչ տեղափոխվել եմ «Հրազդան» եւ չեն կարող ինձ բնութագիր տալ:
Ունեմ 72 տարեկան մայր: Շատ եմ խնդրում, որպեսզի օգնեք՝ ազատվել: Նշեմ, որ տուժողների կողմից չունեմ եւ ի սկզբանե չեմ ունեցել բողոք, պարտք ու պահանջ, քաղաքացիական հայց, իսկ պատիժս կրելու ժամանակահատվածում, 2008թ. ապրիլի 15-ին կատարել եմ կարգապահական մեկ խախտում, որն էլ ավարտվել է 3 օր պատժախցում անցկացնելով:
«Առավոտը» առաջին անգամ է ստանում այս դատապարտյալի նամակը: