Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվեց «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի նախնական քննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային նամակով հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարանին, տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեով՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 20 միլիոն դրամը ի՞նչ նպատակով է ծախսվել, եւ այդպես էլ պատասխան չի ստացել:
Նիստի հենց սկզբում Լոռու մարզպետարանի իրավաբան Ալիկ Սահակյանը հաստատեց, որ հարցումը ստացվել է, հետո ասաց, որ այժմ մարզպետարանը էլեկտրոնային այլ հասցեներ ունի եւ չժխտեց, որ մարզպետարանի կայքում դեռ հին հասցեներ են, որոնցով «Առավոտը» ուղարկել է նամակը: Այլ խոսքով, մարզպետարանի ներկայացուցիչը ընդունում է, որ մենք ճիշտ ենք, իրենք հարցումը ստացել են: «Առավոտ» օրաթերթի շահերի պաշտպան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Կարեն Մեջլումյանը պնդեց, որ «Առավոտի» հարցումը ստացվել է, ուղղակի առանց որեւէ պատճառաբանության չի պատասխանվել:
Իսկ Ալիկ Սահակյանը պնդում էր, թե էլեկտրոնային հարցումը չի կարող գրավոր հարցում համարվել, առանց մանրամասնելու, թե այդ դեպքում ինչ է էլեկտրոնային նամակով ուղարկված հարցումը:
Այս հարցով դատական առաջին նիստը այս տարվա ապրիլի 9-ին է նշանակված: