Երեկ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս հայտնաբերել է չորս օրինազանցների, որոնք կալանավորված են: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը եւ Ռուբեն Վարդանյանը, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց վերջինիս առաջարկվել է 5 հազար դոլար: Ա. Մարտիրոսյանը ձեռք է բերել պետական գրանցում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ, այնուհետեւ Լյովա Մկրտչյանին տրամադրել անապրանք կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի տվյալների, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այդ հաշիվ-ապրանքագրերը Լյովա Մկրտչյանը տրամադրել է «Դարշին» ՍՊԸ-ին: Լյովա Մկրտչյանի եւ Արթուր Մարտիրոսյանի կողմից կատարված գործարքի հետեւանքով պետությանը պատճառվել է 65 միլիոնից ավելի վնաս: Պարզվել է նաեւ, որ Լյովա Մկրտչյանը, հանդիսանալով «ԴՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն, մաքսանենգությամբ եւ կեղծ հաշիվ-ապրանքագրերով ՌԴ-ից ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 40 մլն դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի քիմիկատներ՝ հայտարարագրելով ընդամենը 10 մլն դրամի ապրանք: Այս գործարքի հետեւանքով էլ պետբյուջե չի վճարվել 5 մլն դրամից ավելի գումար: Մեկ այլ դրվագով էլ Ռուբեն Վարդանյանն իր հարեւան Կարեն Ավագյանին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: Կարեն Ավագյանը նույնպես ստացել է պետական գրանցում, անհատ ձեռներեցի վկայական, տարբեր բանկերում բացել է հաշվեհամարներ եւ անապրանք հաշիվ-ապրանքագրեր տրամադրել Լ. Մկրտչյանին: Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան, Լյովա Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Դատական նիստի օրը՝ մարտի 1-ին, դատարանի դահլիճի բակից Ռ. Վարդանյանը դիմել էր փախուստի, սակայն շուտով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Հետախուզման մեջ գտնվող Լ. Մկրտչյանը մարտի 9-ին ՊԵԿ ՕՀՎ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է եւ կալանավորվել: