Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ

Մարտ 13,2010 00:00

\"\"23-ամյա Էդգար Մակարյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի դատավճռով օրեր առաջ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մարտի 3-ից՝ Մակարյանի կալանքի տակ գտնվելու պահից:
Է. Մակարյանը իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժինը:
Պարզվել էր, որ 14-ամյա տուժող Ն. Ն.-ն անցյալ տարվա հոկտեմբերին Odnoklassniki.ru-ի միջոցով ծանոթացել է Վ. Դ.-ի հետ եւ այդ տղայի հետ երկու անգամ հանդիպել Օղակաձեւ այգում: Վերջինս Ն. Ն.-ի մասին տեղեկացրել է ոչ մի տեղ չաշխատող Էդգար Մակարյանին, նրա ընկերներին՝ Հովհաննես Միքայելյանին ու Արգիշտ Հակոբյանին: Նոյեմբերի 5-ին Ն. Ն.-ի եւ 16-ամյա Ա. Ո.-ի հետ տղաները հանդիպել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ, այնտեղից գնացել «Սթար» բարը, որը գտնվում է Նալբանդյան 29 հասցեում: Էդգարը Ն.-ի հետ առանձին է նստել, իսկ հետո իր 14-ամյա ընկերուհու համար պատվիրել բարի թիվ 2 առանձնասենյակը: Ի դեպ, մեկ ժամի դիմաց նա վճարել է 4000 դրամ:
Ն. Ն.-ի նկատմամբ նա սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել: Մինչ այդ՝ աղջիկը նրան հայտնել էր իր կույս լինելու մասին: Հետագայում, բռնվելուց հետո, Էդգարը հայտարարել է, թե տեղյակ չէր, որ Ն. Ն.-ն 14 տարեկան է: Մակարյանը փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել եւ SMS հաղորդագրություն գրելով՝ հեռացել է տնից:
Էդգարին չեն զիջել նաեւ նրա 2 ընկերները: Նրանք էլ իրար հաջորդելով սեռական ոտնձգություններ են կատարել Ա. Ո.-ի նկատմամբ: Կենտրոնի ոստիկանները «Թափառաշրջիկ եւ մուրացկան» միջոցառման շրջանակներում Կենտրոնի վարչական տարածքում բռնել են երիտասարդներին: Դատարանը հաշվի առնելով այն, որ Է. Մակարյանը զղջացել է, հանցանքը կատարում է առաջին անգամ, գտավ, որ պատիժը կամ պատասխանատվությունը ծանրացնող այլ հանգամանքներ չկան: Դատական նիստի օրը Է. Մակարյանը կալանավորվեց: Մինչ այդ նա տվել էր ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել