Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ Արմեն Ներսիսյանի ընտանիքն արդեն տասնմեկ տարի ապրում է գյուղի թաղամասերից զատված՝ Շաղ-վարդի ձորապռնկին կառուցված սեփական տանը: Չնայած անդնդախոր երկու՝ Շաղ-վարդ եւ Քասախ կիրճերի մոտիկությանը, անցած տարիներին այս կողմերում, բացի հատուկենտ հանդիպող աղվեսներից, այլ գիշատիչ կենդանիների հետքեր չեն երեւացել:
Ինչպես ամեն գարնան առաջին օրերից մինչեւ ուշ աշուն, այս տարի նույնպես մարտ ամսվա առաջին օրվանից տանտիրոջ՝ շուրջ վեց տասնյակ գառն ու ոչխարը գիշերում էին անասնագոմին կից բացօթյա ցանցապատ կացարանում: Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի ունեցավ անսպասելին. լուսադեմին Արմենը նշմարեց ոչխարների հոշոտված մարմիններ՝ պարտեզով մեկ թափված արյուն: Գայլերը իրենց սեւ գործն էին արել եւ, հավանաբար, տանտիրոջ՝ բակ դուրս գալուն պես, քաշվել մոտակա ձորը:
Վաղ առավոտյան օգնության եկած մարդիկ տան շրջակա պարտեզներից հավաքեցին կիսահոշոտված, դմակները պոկված եւ խեղդամահ արված 28 ոչխար եւ գառ:
Տնապահ երկու շունն էլ գիշերը գազանների ահից պապանձվել, մինչեւ կեսօր թաքնվել էին գոմի մութ խորշերում ու դեռեւս դողդողում էին:
Որսորդների՝ ավազակ գազանների որոնումները առայժմ արդյունք չեն տվել: