Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառողջ» իրավիճակ

Մարտ 13,2010 00:00

Շահումյան համայնքի ամբուլատորիան նույնիսկ ժամանակավոր կացարանից է զրկվել

Լոռու մարզի Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) խնդիրն առաջացել է դեռեւս 2009 թ. ամռանը: Հորդառատ անձրեւները գյուղում մի շարք ավերածությունների պատճառ էին դարձել: Տեղատարափների հետեւանքով Տանձուտ գետը դուրս էր եկել ափերից եւ մեծ վնաս հասցրել ափամերձ բնակելի տներին, անասնագոմերին, հողամասերին: Գետի վարարման հետեւանքով փլուզվել էր գյուղի սելավատարը, հորդացած, հունից դուրս եկած գետը, սելավաջրերին խառնված, հարվածել էր ամբուլատորիային, քշել շենքի հիմքը՝ թողնելով իրար վրա հենված պատերը:
«Աշխատանքային ժամ էր, հիվանդներ էլ կային բուժարանում, սպասարկում էինք: Մեկ էլ չը՛խկը, թը՛խկը, ոնց որ քարեր թափվեն: Դրսից ձայն էին տալիս, գոռում՝ դո՛ւրս եկեք: Լավ էր՝ ժամանակին դուրս եկանք: Պատշգամբն ամբողջությամբ եւ շենքի մի մասը քանդվեցին»,-պատմում է բուժքույր Սիլվա Զալինյանը:
Աղետից հետո մոտ մեկ շաբաթ գյուղի բնակիչների բուժսպասարկումը դրսում էր կատարվում: Շահումյան համայնքում բնական աղետի հետեւանքները վերացնելու նպատակով ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ: Համայնքի համար առաջնային համարվեցին եւ իրականացվեցին գետի մաքրման եւ ափերի ամրացման ու հեղեղատարի վերակառուցման աշխատանքներ: Ծրագրերը կյանքի կոչվեցին գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ)՝ «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի եւ Շահումյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Գերմանական ծրագրի Լոռու մարզային համակարգող Սերգեյ Պողոսյանի հավաստմամբ՝ GTZ-ի առաքելությունը աղետների կանխարգելումն է, եւ իրականացված երկու ծրագրերն էլ այդ նպատակին են ծառայում: Իսկ համայնքի ամբուլատորիայի վերանորոգումն այլոց խնդիրն է:
Շահումյանի ԱԱՊԿ-ն երբեք էլ հիմնական տարածք չի ունեցել: Սկզբում նրանց տրամադրել են մի երկսենյականոց բնակարան՝ բնակելի շենքի առաջին հարկում: 88-ի երկրաշարժից հետո ամբուլատորիային են հատկացվել երկու տնակ: Երկար տարիներ այստեղ աշխատելուց հետո բուժհաստատությունը տեղափոխվել է «Ամքոր» ամերիկյան կազմակերպության վերանորոգած՝ գյուղի մանկապարտեզի շենքը: Բայց երբ մանկապարտեզը սկսեց գործել, բժիշկները դարձյալ հայտնվեցին «բաց երկնքի տակ» ու գյուղապետարանում մի սենյակ հատկացրին նրանց: Ամբողջ գյուղին՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, այդ նույն նեղվածք-սենյակում էին սպասարկում: Բավական երկար նրանք աշխատեցին այս պայմաններում: Ավելի ուշ ամբուլատորիան վերակազմավորվեց՝ միանալով Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկային՝ ու շարունակեց աշխատել գյուղապետարանի հատկացրած սենյակում: ԱԱՊԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Շիրվանյանի նախաձեռնությամբ, գյուղապետարանը ամբուլատորիային անվարձահատույց հատկացրեց այլեւս չգործող մանկապարտեզի շենքը: Ու երբ թվում էր, թե ամեն բան հունի մեջ է մտնում, այս անգամ էլ բնությունը «միջամտեց»:
«Արդեն 1,5 տարի է, նորմալ պայմաններ էին ստեղծվել, բայց նորից թափառական դարձանք: Շենքը վթարային դարձավ, մեր աշխատանքներն էլ խաթարվեցին,- ասում է բուժքույր Աիդա Շահնազարյանը,- ճիշտ է, այս պահին դրսում չենք, մեր նախկին տնօրեն Սոնյա Առուշանյանը սիրով ապաստան տվեց մեզ, աշխատասենյակներ տրամադրեց թիվ 4 պոլիկլինիկայում, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրան: Այստեղ լավ պայմաններ կան, լաբորատորիաներ, հետազոտման կաբինետներ: Բայց բնակիչները գերադասում են նախկին ամբուլատորիան»:
«Հնարավորություն չունենք համայնքային միջոցներով վերանորոգել: Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, սոցիալական հիմնադրամներին, սպասում ենք: Շենքն անվարձահատույց տվել ենք, էլ ինչ անենք: Անտարբերությունը նախարարության կողմից է: Նա ձեռքերը լրիվ լվացել է»,- ասում է Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:
Շահումյանի բնակիչները, որոնք թիվ 4 պոլիկլինիկա հասնելու համար ստիպված են 6-7 կանգառ ճանապարհ կտրել, դժգոհում են: «Մինչեւ գալիս ենք սովխոզից… գումարի հետ կապված ա լրիվ»,- նկատեց Սիրուշ Ոսկանյանը: «Լավ էր, որ գյուղում էր, ուզած ժամանակ գալիս էինք: Ուզում եմ, որ ամբուլատորիան նորից էստեղ տեղափոխվի: Էստեղ մոտիկ ա, գնում եմ, նայում են, ուղարկում են որտեղ որ պետք ա»,- սա էլ Յուրիկ Դալլաքյանն է: «Գեղացի մարդիկ ենք, թոշակառու. թոշակս քիչ ա: Ի վիճակի չեմ ամեն անգամ 200 դրամ դնեմ, գնամ՝ հետ գամ: Մոտիկ լավ էր: Ամեն ինչից զուրկ ենք: Մի ապտեկա չկա, մի ասպիրինի հմար գնում ենք քաղաք»,- իր հերթին ավելացնում է Ամալյա Գեւորգյանը: Ժենիկ Ղալեչյանն էլ ասում է. «Քանի ամիս ա, գնացել չեմ բժշկի. հեռու ա: Ինչ տեղափոխվել ա, չեմ եկել, հարմար չի: Գյուղացիք մի թղթի հմար հասնում են ընդեղ»:
Գյուղում բուժհաստատության բացակայությունը խնդիրներ է հարուցում ոչ միայն բնակիչների համար. փոխադրամիջոց չունենալու պատճառով շտապ դեպք կամ կանչ գրանցելիս բժիշկը ոտքով է հասնում գյուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել