Պետական միջոցներով վերականգնված Հալիձորի բերդն ու Վահանավանքը այժմ այլ խնդրի առաջ են կանգնած
2009 թվականին պետբյուջեից հատկացված 36,5 միլիոն դրամով շարունակվել եւ, ըստ նախատեսվածի, ավարտին են հասցվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում գտնվող «Վահանավանք» վանքային համալիրի (10-րդ դար) եւ Հալիձորի բերդի (17-րդ դար) նորոգման, վերականգնման եւ տարածքների բարեկարգման աշխատանքները: 11-դարյա Վահանավանքում վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2005-ին, իսկ մեկ տարի անց ՀՀ մշակույթի նախարարությունը վերականգնողական աշխատանքներ սկսեց իրականացնել նաեւ Վահանավանքից ոչ շատ հեռու գտնվող, 17-րդ դարում կառուցված Հալիձորի բերդում: Հալիձորի բերդը ժամանակին Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցն էր եւ Ղափանի անկախ իշխանության կենտրոնը:
Հալիձորի բերդում նախատեսված էր եւ իրականացվել է մասնակի վերականգնում, կառուցվել են նաեւ աստիճաններ, որոնք բերդի մուտքը կապում են համալիրի ներսում՝ բերդից 20 մ հեռավորության վրա գտնվող եկեղեցուն:
Իսկ Վահանավանքում դեռեւս որոշակի աշխատանքներ են նախատեսվում: Ըստ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի՝ հետագայում «Վահանավանք» համալիրում նախատեսվում է սեղանատունը վերականգնել: Բայց այդ աշխատանքների իրականացումն ընթացիկ տարում նախատեսված չէ:
Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս համալիրները, որոնք զբոսաշրջիկների կամ Սյունիք ու Կապան այցելած հյուրերի ուշադրությունից չեն վրիպում, վերականգնումից հետո պահպանության լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Ինչպես Վահանավանքը, այնպես էլ Հալիձորն անտառի մեջ են եւ ամառվա տապին անասունների համար փարախ են դառնում: Մուտքի դռներ չկան, անասուններն իրենց համար ազատ ելումուտ են անում վերականգնված տարածքներում: Ամբողջ խնդիրն այն է, որ վերականգնման աշխատանքներ իրականացնելիս տարածքների պահպանության համար չեն մտածել: Հալիձորի բերդը 2 մուտք ունի եւ 2-ն էլ առանց դռների են: Բացի այդ՝ քանդված պարիսպներից էլ են անասունները առանց խոչընդոտի մտնում բերդի տարածք: Անասնատերերն էլ չեն հետեւում իրենց անասուններին: Անասուններից պաշտպանող մուտքի դուռ չունի նաեւ Վահանավանքը: Երկու համալիրների նախագծերի հեղինակները պատճառաբանում են, որ նախագծերում մուտքի դռները նախատեսված չէին (Վահանավանքի վերականգնման նախագծի հեղինակը Աշոտ Հովսեփյանն է, իսկ Հալիձորի բերդինը՝ Անդրանիկ Սարգսյանը- Մ. Ս.): Բայց ինչպե՞ս կարելի է հուշարձանները վերականգնել եւ դրանց համար մուտքի դուռ չնախատեսել: Մի՞թե կարելի է տարածքը վերականգնել առանց պահպանության համար խիստ անհրաժեշտ դռների: Մենք Հալիձոր այցելելիս մի անգամ 12 կով ենք հանել այնտեղից: Պահակն էլ միանգամից չի կարող մի քանի հուշարձան պահպանել միայնակ, քանի որ մեկ պահակի հանձնարարված է միանգամից 5 համայնքի հուշարձաններում հսկողություն իրականացնել»,- ասում է Աստղիկ Հակոբյանը:
Բացի պահպանության խնդրից, այստեղ եւս մի կարեւորագույն խնդիր կա՝ դեպի հուշարձաններ տանող ճանապարհները: Դրանք անմխիթար վիճակում են եւ հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն ունեն: Երթեւեկության համար հատկապես խիստ վտանգավոր է եւ դժվարանցանելի Հալիձորի բերդ տանող ճանապարհահատվածը: Հալիձորի բերդ հիմնականում այցելում են ոտքով, սակայն ամառվա շրջանում ամայի անտառում գտնվող բերդ հասնելը անվտանգ չէ: