Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ

Մարտ 13,2010 00:00

Շիրակցի բժիշկների կանխատեսմամբ, թանկացումներն այսպես կարող են ազդել բուժհաստատությունների գործունեության վրա:

Օրերս Գյումրիում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պետական որոշ հիմնարկներում, մասնավորապես՝ հիվանդանոցներում ու դպրոցներում, տնօրենները հարկադրված որոշել են մոտ 20%-ով կրճատել աշխատավարձերը: Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ այս ոլորտներին հատկացվող գումարները մնացել են նույնը, նույնիսկ նվազեցվել են, սակայն փոխարենն ավելացել են պահպանման ծախսերը, եւ որպեսզի կարողանան դիմակայել թանկացումներին ու աշխատակիցներին չկրճատեն, ստիպված են կրճատել աշխատավարձերը:
Նկատենք, որ այս ոլորտից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում: Շիրակի մարզում կաշառքի հարցում ռեկորդակիրը, կարելի է ասել, առողջապահական ոլորտն է: Եվ եթե նկատի ունենանք վառելիքի ու դեղորայքի գրեթե ամենօրյա ու անկանխատեսելի թանկացումները, որոնք ուղղակիորեն ազդում են բուժհիմնարկների բյուջեի վրա, բուժաշխատողների աշխատավարձն էլ ոչ մի դրամով չի բարձրացվում, ապա ակնհայտ է, որ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի արդյունք չի տա: Ի՞նչ վիճակում է Գյումրիի խոշոր հիվանդանոցներից մեկի՝ «Սամարիթերի» այս տարվա բյուջեն, հետաքրքրվեցինք գործադիր տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանից: Նա նախեւառաջ տեղեկացրեց, որ 2010թ.-ի առաջին ֆինանսավորումը ուշացել է, ինչի պատճառով աշխատավարձը ձգձգվել է, բայց այժմ հարցը լուծված է, հունի մեջ են ընկել: «Այս տարվա բյուջեն շատ քիչ տարբերություն ունի նախորդ տարվա փաստացի կատարված բյուջեից: Շատ քիչ նվազել է մեր հիվանդանոցում ընթացող հեմոդիալեզի ծրագրով, որը պետությունն անպայման կփոխհատուցի, միշտ պարտաճանաչ կարգով փոխհատուցվել է»,- ասաց տնօրենը:
Իսկ ինչպե՞ս է դիմադրելու բուժհաստատությունը ապրիլյան «սյուրպրիզներին»: Ըստ տնօրենի, 2010-ի նախահաշիվը կազմելիս նաեւ նկատի են ունեցել ապրիլի 1-ից սկսվող թանկացումները: «Իհարկե, այդ առումով մեր բյուջեն շատ լարված է, բայց պետք է հաշվի առնել, որ հիվանդանոցների առումով դրանք կարող են վերաբերել դեղորայքների օգտագործմանը, կոմունալ ծախսերը հիվանդանոցներում համեմատաբար համեստ են, մեծ թվեր չեն կազմում: Բայց դեղորայքի թանկացումները շատ հիվանդանոցներում վատ հետեւանքներ կարող են թողնել: Նույնիսկ վերջին ամիսներին աստիճանաբար, բայց կայուն թանկացումներ կային: 2-րդ եռամսյակում կպարզվի, դեղորայքի հատվածը մենք կկարողանա՞նք իրականացնել, թե՞, այնուամենայնիվ, դեֆիցիտ կունենանք»,- ասում է «Սամարիթերի» տնօրենը: Նա մեզ փորձեց վստահեցնել, որ ավելացված ծախսերը չեն ազդել իր բուժաշխատողների աշխատավարձի վրա, կոնկրետ իր հիվանդանոցում աշխատավարձի կրճատում չի եղել: Թեեւ, ըստ տնօրենի, «Սամարիթերում» առկա է այլ բնականոն պրոցես. կառավարության անցած տարվա հոկտեմբերի որոշման համաձայն, կրճատվել է մահճակալների թիվը, իսկ սա կարող է բերել հաստիքների մասնակի կրճատման: «Մենք մարզպետարանի համաձայնությամբ կոնկրետ աշխատողների կրճատումներ չենք իրականացրել, այլ պակասեցնում ենք այն հաստիքները, երբ աշխատողը այս կամ այն պատճառով ինքնակամ հեռանում է աշխատանքից: Աշխատավարձերն էլ մնացել են նույնը՝ անցած տարվա չափով: Մենք 2009 թ. առաջին եռամսյակին կազմել էինք աշխատավարձի բարձրացման մեկ սանդղակ, եւ երկու ամիս նախորդ տարվա մեջ բարձր սանդղակով տվեցինք, բայց, ցավոք, երբ բյուջեն նվազեցվեց, մենք թողեցինք նույնը, այս տարի էլ նույն աշխատավարձն է, նույն գիշերային ժամերը, նույն արտոնությունները: Պարզ է, որ համատարած թանկացումների ֆոնի վրա մեր տված աշխատավարձը, անշուշտ, արժեքը կորցնում է: Իսկ բարձրացման մասին առայժմ դժվար է ասել»,- անկեղծացավ տնօրենը:
Մեր այն հարցին էլ, թե այս վիճակը չի՞ խորացնելու կոռուպցիոն ռիսկը հիվանդանոցում, տնօրենն ասաց. «Ես չէի ասի կոռուպցիոն ռիսկեր, դա առողջապահությանը չի վերաբերում, բայց, անշուշտ, վատ ապրելակերպը ընդհանրապես ավելացնում է ոչ միայն տեղական կամ լոկալ կոռուպցիան, այլեւ ավելանում են գողությունները եւ ավազակային հարձակումները, դա համակարգված վիճակ է, որը լուրջ մոտեցումների կարիք ունի: Մարդիկ վատ են ապրում, հետեւաբար եւ ձգտում են գումար հայթայթել իրենց բարոյական նորմերից ելնելով: Ես ամենեւին չեմ արդարացնում բուժաշխատողներին, ընդհակառակը, խիստ քննադատության եմ ենթարկում այդ պրոցեսը, բայց այսպիսի աշխատավարձերը թույլ չեն տալիս միայն դրանով ապրել: Իզուր չէ, որ բուժաշխատողներից շատերը զբաղված են նաեւ ոչ մասնագիտական գործունեությամբ եւ, ցավոք, կարող են նույնիսկ հեռանալ մեր ոլորտից»: Վերջինս նաեւ դժգոհեց, որ, ի տարբերություն մայրաքաղաքի թաղապետարանների, Շիրակի համայնքապետերն իրենց բյուջեներից կոպեկ չեն հատկացնում սոցիալապես անապահով խավի բուժօգնության համար: «Պարտադիր չէ՝ դա մեծ գումար լինի, բայց ցանկացած այդպիսի օղակ պետք է իր բյուջեի մեջ առանձնացնի բուժօգնության համար անհրաժեշտ գումար: Լավ կլիներ, որ մեր մարզում հետեւեին երեւանյան օրինակին, այսինքն՝ մեզ ու ազգաբնակչությանը օգնեին այդ վիճակից դուրս գալու»,- ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:
Շիրակի մարզի հիվանդանոցներում նաեւ կա մտավախություն. այսպիսի սոցիալական պայմանների պատճառով շուտով իրենք կմնան շտապօգնության բերած ծանր հիվանդների հույսին: Այսինքն՝ մարդն իր կամքով այլեւս հիվանդանոց չի գնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել