Այդպես է թուրք պատգամավորը գնահատել ՀՀ իշխանությունների «սպառնալիքը»՝ հետ կանչել իր ստորագրությունը:
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես նախօրեին Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւն ու ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը»,- ՆԱՏՕ-ի 73-րդ «Ռոուզ-Ռոութ» համաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: Վերջինիս կարծիքով՝ նման որոշումները կհանգեցնեն հայ-թուրքական գործընթացի վերջնական ձախողմանը: Թուրք պատգամավորը նաեւ զգուշացրել է, որ եթե գործընթացը ձախողվի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններն ավելի կվատանան, քան նախքան բանակցությունները, իսկ իրավիճակը տարածաշրջանում ավելի կսրվի. «Մենք ոչ մի դեպքում որպես կարգավորման պայման չենք դնում Ցեղասպանության հարցը, ուղղակի այդ հարցը եւ դրա միջազգային ճանաչումը բարդացնում են արձանագրությունների վավերացման հնարավորությունը: Նախկինում Երեւանում խոսում էին արձանագրությունները մինչեւ հունվար, այժմ՝ մինչեւ ապրիլ ստորագրելու անհրաժեշտության մասին: Ասում էին, որ եթե Թուրքիան մինչեւ հունվար չվավերացնի արձանագրությունները, Երեւանը ետ կկանչի իր ստորագրությունը, բայց դա տեղի չունեցավ: Իսկ Թուրքիան մինչեւ ապրիլ էլ չի ընդունի այդ արձանագրությունները: Տեսնենք, թե ինչ կանի Երեւանն այս անգամ: Հայ-թուրքական սահմանը 17 տարի փակ է, կարելի է մի տարի էլ սպասել»,- ըստ panorama.am-ի՝ հայտարարել է թուրք պատգամավորը:
Իսկ ադրբեջանցի փորձագետ Իլգար Մամեդովը հայտարարել է. «Ցանկացած բանակցություն առեւտուր է, ամեն մի կողմը պետք է մի բան տա»: Այս փորձագետի համոզմամբ, մինչեւ Հայաստանի ՍԴ որոշումը պարզ էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Թուրքիայի հանդեպ հողային պահանջներից եւ, մասամբ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք մտադիր չէ քննարկել Ցեղասպանության փաստը, քանի որ դա քննարկման ենթակա չէ: Ի դեպ, համաժողովի նախորդ օրը եւս նման կոշտ միջադեպ գրանցվեց, երբ թուրք մեկ այլ պատվիրակը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը միանշանակ պայմանավորված է ԼՂ հարցի կարգավորման գործընթացով, իսկ Հայաստանի ՍԴ որոշումը էապես բարդացրեց եւ խիստ անորոշ դարձրեց Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման հարցը: Տեղում այս պատվիրակին հակադարձեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Ցավում եմ, որ հայկական կողմի նախաձեռնությունը խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան ունենալու համար, որի առաջին քայլը պիտի լինի երկու ժողովուրդների միջեւ վստահության ստեղծումը, համառորեն խոչընդոտվում է Թուրքիայի կողմից: Սին են ձեր հույսերը՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը կապել միմյանց: Ցավում եմ, որ Թուրքիայում որեւէ մեկին թվում է, թե Հայաստանը որեւէ մեկի հետ կարող է քննարկել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը»:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը իր հերթին հայտարարեց. «Այն, որ անցած 20 տարիների ընթացքում Ղարաբաղում կայացել է անկախ պետություն, որ այդ պետության մեջ մեծացել է մի սերունդ, ով չի էլ պատկերացնում, որ հնարավոր է իր երկիրը տեսնել Ադրբեջանի կազմում, որը տեսնում է, որ իր երկիրը իրավամբ շատ ավելի ժողովրդավար է, քան նույն Ադրբեջանը: Այս հարցերը միջազգային հանրությանը կարծես չի հետաքրքրում: Լենմարկերը հայտարարեց, որ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո աշխարհը մի մեծ նվաճում ունեցավ՝ վերացան մեծ ու փոքր պետությունների միջեւ տարբերությունները: Տեսնես՝ քանի՞ պատերազմ է հարկավոր եվրոպացիներին եւ ինչքա՞ն փութ արյուն, որպեսզի իրենք կարողանան մի տարբերություն եւս վերացնել՝ նավթ ունեցող պետությունների եւ նավթ չունեցող պետությունների տարբերությունները»: