Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՕԳՆԵԼ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Մարտ 13,2010 00:00

\"\"Մարտի 10-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որին հետեւեցին թուրք պաշտոնյաների դատապարտող հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, օրինակ, հայտարարեց, թե «բանաձեւին կողմ քվեարկողները վախենում են պատմությունից»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Առավոտի» հետ զրույցում իր հերթին հակադարձեց այս մտքին. «Իմ խորին համոզմամբ՝ Էրդողանի մեջ խոսում է իրենց պատմության հետ կապված բարդույթը: Այդ բարդույթից ձերբազատվելու համար ոչ միայն Էրդողանը, այլ նաեւ թուրք մյուս գործիչները պետք է իրենց մեջ հաղթահարեն վախը, չվախենան սեփական պատմությունից եւ հաշտվեն Օսմանյան կայսրության եւ թուրք ժողովրդի պատմության հետ»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, թե ԱՄՆ Կոնգրեսում, թե Շվեդիայի պառլամենտում Ցեղասպանությանը դեմ քվեարկողները չէին ասում, թե Ցեղասպանություն չի եղել, այլ ասում էին, որ այժմ նպատակահարմար չէ ընդունել դրա լինելիությունը. «Թուրքերը պետք է հասկանան, որ հնարավոր չէ գետի հունին հակառակ շարժվել: Եվ նաեւ դրա համար է, որ մենք ցանկանում ենք բնականոն հարաբերություններ հաստատել թուրքերի հետ՝ օգնելու թուրք ժողովրդին, որպեսզի իրենց պատմությանը նայեն ուղիղ աչքերով. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ձերբազատվեն բարդույթից: Քանի դեռ նրանք չեն կարողացել հաղթահարել իրենց միջից վախը, քանի որ նրանց երկրում գործում է 301 հոդվածը, նրանք չեն կարող ձերբազատվել այդ բարդույթից: Սակայն, վստահ եմ, մի օր կգա այդ ժամանակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել