Հրապարակվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը:
Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որի՝ Հայաստանին վերաբերող գլխում շեշտված է, թե էական խախտումներով անցկացված 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակել է լարված պահել մթնոլորտը երկրում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, փաստաթղթում անդրադարձ կա Սամվել Նիկոյանի ղեկավարած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին: «Հանձնաժողովը, որը կոչված էր ուսումնասիրելու հետընտրական զարգացումները, սեպտեմբերի 16-17-ին հրապարակել է զեկույց, որում կա քննադատություն ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության հասցեին, սակայն բռնությունների եւ բախումների համար հիմնականում պատասխանատու է համարվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը»,- ասված է զեկույցում:
«Տարվա ընթացքում ճգնաժամը չի կարգավորվել, գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման նոր դեպքեր: Իշխանությունները սահմանափակել են կառավարությունը ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում»,- փաստել են պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի հեղինակներն ու հավելել, որ «2009-ի ընթացքում իշխանությունները հետապնդել են քաղաքական ընդդիմախոսներին, կամայական ձերբակալություններ են կատարել, մարդկանց երկար ժամանակով պահել են նախնական կալանքի պայմաններում, կիրառել են ընդդիմախոսներին բյուրոկրատական մեթոդներով ահաբեկելու կամ նրանցից վրեժ լուծելու գործելակերպ»:
«Իշխանությունները ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ եւ խափանել են դրա վերաբերյալ տեղեկատվություն տարածելու քաղաքացիների փորձերը: Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել: Ամբաստանյալներին զրկել են արդար դատավարության հնարավորությունից»,- արձանագրված է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցի՝ Հայաստանին առնչվող բաժնում:
Փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին. «ԶԼՄ-ներին եւ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցներին բնորոշ է ինքնագրաքննության բարձր աստիճան: Իշխանությունները սահմանափակում են մամուլի բազմակարծությունը, ինչի վկայություններից մեկը հեռարձակման արտոնագրերի տրամադրման սառեցումն է: Գրանցվել են լրագրողների վրա հարձակումների նոր դեպքեր»:
Զեկույցում ասվում է, որ հայաստանյան իշխանությունները սահմանափակել են ժողովների եւ հավաքների ազատությունը, կոնկրետ վայրերում ցույցեր անցկացնելու քաղաքական ընդդիմության դիմումները բազմիցս մերժվել են, իշխանությունները միջամտել եւ ցրել են մարդկանց ինքնաբուխ հավաքները:
«Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի այն հաղթահարելու համար»,- ընդգծված է զեկույցում:
Փաստաթուղթն ամբողջությամբ ներկայացնելով՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ այժմ մեկ մտահոգիչ միտում կա ամբողջ աշխարհում. «Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն կատարող հասարակական կազմակերպությունների վրա նորանոր եւ ավերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվը հետզհետե աճում է»: