Հայոց ցեղասպանության ճանաչման ամեն մի դեպքին նրանց արձագանքն այս է՝ չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու երկկողմ արձանագրությունների վավերացման հեռանկարը, որն առանց այն էլ մշուշոտ էր, առավել եւս մեծ հարցականի տակ դրվեց, երբ անցած հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին, իսկ Շվեդիայի խորհրդարանն էլ ուղիղ մեկ շաբաթ անց համանման մի փաստաթուղթ ընդունեց: Երկու դեպքում էլ Թուրքիայից հնչող արձագանքը նաեւ այն էր, թե դրանք կարող են խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու արձանագրությունների վավերացմանը: Հիմա արդեն Թուրքիայում գրեթե բոլոր մակարդակներում են պնդում, թե՝ սկսված այդ գործընթացներն այլեւս անհնար է տրամաբանական ավարտի հասցնել: Թուրքիան վրդովված է, Թուրքիան համարում է, որ դա անարդար վերաբերմունք է թուրք ժողովրդի նկատմամբ:
Այսօրինակ զարգացումների պարագայում առավել ծանր կամ նրբին է Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների վիճակը: Նրանք չեն կարող չոգեւորվել, երբ հերթական անգամ որեւէ երկիր ճանաչում է Ցեղասպանության փաստը, բայց նաեւ չեն կարող շռայլություն թույլ տալ՝ արտահայտելու իրենց բավարարվածությունը:
Իսկ թե ինչպե՞ս կարող են ազդել այս իրադարձությունները Թուրքիայում ապրող հայերի վրա, եւ ինչպե՞ս են այդ երկրի քաղաքացի մեր հայրենակիցներն ընդունել Ցեղասպանության ճանաչման այդ երկու փաստը, փորձեցինք պարզել՝ զրուցելով Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ: Վերջինս ասաց, որ միջազգային ասպարեզում տեղի ունեցող նման իրադարձությունների ժամանակ Թուրքիայում ապրող հայերի առաջին արձագանքը իրենց մարդկային բնազդն է. «Նրանք առաջին հերթին այդ իրադարձությանը մոտենում են ավելի խորքից, մտածում են չարից-փորձանքից հեռու մնալ, պրոբլեմների մեջ չհայտնվել եւ այդ ալիքն էլ հաղթահարել: Այդպիսի միտում կա, եւ դա ակամա ցուցաբերված մոտեցում է: Բայց այդ մարդկային գործոնից զատ, հայ համայնքը, իհարկե, մոտիկից հետեւում է իրադարձություններին, հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին, այն ազդեցություններին ու գործոններին, որոնք իրենց հերթին կարող են պայմանավորել այդ հարաբերությունների ընթացքը: Նաեւ մամուլն է դրա առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերում: Ես ինքս, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ հրավիրվել ենք հեռուստաընկերություններ, ես ուղիղ եթերում ելույթ եմ ունեցել: Այս է արձագանքը»:
Թուրքիայում ապրող հայերը միշտ էլ երկյուղով եւ մտահոգությամբ են վերաբերվել որեւէ երկրի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչմանը, առավել եւս, երբ այդ գործում ակտիվ դերակատարություն են ունեցել ոչ միայն արտերկրում գործող հայկական լոբբին եւ հայկական կազմակերպությունները, այլեւ առավել եւս պաշտոնական Երեւանը: Մտավախությունը, իհարկե, պայմանավորված է անցյալի դառը հիշողություններով եւ իրենց նկատմամբ թուրքական իշխանությունների, նաեւ ազգայնական ուժերի կողմից տարատեսակ հարձակումների թիրախ դառնալու երկյուղով:
Արդյոք այս անգամ Ցեղասպանության ճանաչման իրար հաջորդած իրադարձությունները կարո՞ղ են ազդել թուրքական իշխանությունների կողմից այդ երկրում ապրող հայերի վրա: Ա. Գոչունյանն ասաց. «Հիմնական ազդեցություն դժվար թե ունենա, որովհետեւ այստեղ ապրողները Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ այդ իրադարձությունները զարգանում են արտերկրներում: Բայց վերջին հաշվով դրանք Թուրքիայում էլ են բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորում եւ այլն: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ հարյուր տոկոսով չեն կարող անդրադառնալ թուրքական իշխանության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա: Բայց ծայրահեղ ազդեցություններ չկան, առավել եւս, որ թուրքական ԶԼՄ-ներն են նախանձախնդրություն դրսեւորում՝ երկրի հայերին այդ ազդեցություններից զերծ պահելու համար, եւ փորձում են Թուրքիայում ու արտերկրում ապրող հայերի միջեւ զանազանություն մտցնել՝ մի փոքր ավելի ուշադրություն եւ նրբանկատություն դրսեւորելով Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ»:
Պարոն Գոչունյանը դժվարացավ ասել, թե վերջին զարգացումներն ինչպե՞ս կարող են ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, արձանագրությունների վավերացման վրա: «Նախ՝ չգիտեմ, թե արձանագրությունների վավերացման գործընթացը ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված, որովհետեւ մի դեպքում դա պայմանավորվում է ղարաբաղյան հարցով, մեկ այլ դեպքում՝ հայ-թուրքական հարաբերությունների երանգներով: Ըստ երեւույթին, թուրքական կողմի մոտ այնքան էլ մեծ ցանկություն չկա այդ արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, բայց թե քաղաքական մթնոլորտը, իրադարձությունների զարգացումը ինչպես կազդեն այդ գործընթացների վրա՝ դժվար է ասել, եւ հարյուր տոկոսով կանխատեսել չի կարելի»,- ասաց «Ժամանակ» թերթի խմբագիրը: Այսինքն՝ հնարավոր է, որ դա որեւէ կերպ նաեւ չազդի՞ այդ պրոցեսների վրա: «Այդպես էլ չեմ կարծում: Թուրք մեկնաբանները արձանագրությունները Թուրքիայի ձեռքում շատ ամուր խաղաքարտ են համարում՝ արտասահմանում նման ճանաչումների շարքը կանխելու համար: Բայց հիմա խնդիրն այն է, թե այդ խաղաքարտը որքա՞ն ժամանակ արդյունավետությամբ կօգտագործվի: Դա ավելի ընդհանրական մեկնաբանությունների նյութ է»,- եզրափակեց Արա Գոչունյանը: