ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանին «տշում են գնդակի պես»
Չնայած Սարգսյան-Սարկոզի հանդիպումից առաջ տարածված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ հանդիպման վերջում նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով, այնուհանդերձ, որեւէ հայտարարություն չհնչեց: Դարձյալ պաշտոնական տեղեկատվությունից իմացանք, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երկու եզրահանգում ներկայացրեց. «Կամ Հայաստանի համար շատ վատ բաներ են խոսվել, որ քննարկելիք չեն, կամ էլ՝ ընդհանրապես որեւէ արդյունք չեն եղել, հետեւաբար հայտարարություններ չեն հնչել»: Ընդհանուր առմամբ, խնդիրներին անդրադառնալով աշխարհաքաղաքական տեսանկյունից, մեր զրուցակիցն արձանագրում է. «Հայաստանն այսօր առկա աշխարհաքաղաքական լուրջ եւ մեծ խնդիրների մեջ դարձել է գնդակ, որին տշում են աջից ձախ, Ֆրանսիայից Ռուսաստան, այնտեղից՝ Թուրքիա եւ այլն: Եվ երբ մեծ խաղացողները պայմանավորվածություններ են ձեռք բերում՝ հաջող կամ անհաջող, կայացած կամ ընթացքում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը կորցրել է խաղացողի իր կարգավիճակը, Ղարաբաղի մասին էլ չեմ ասում: Մեզ պարզապես օգտագործում են, այնպես, ինչպես կօգտագործեն անարժանապատիվ պարտնյորին, թույլ եւ դեպքերի վրա ազդեցություն չունեցող խաղացողին»: Ըստ մեր զրուցակցի, ուժային կենտրոնները շատ լավ «բռնել են պահը» եւ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած այս իշխանության խոցելիությունը խաղարկում են՝ իրենց շահը տարածաշրջանում իրականացնելու համար: «Դրա արդյունքում է, որ Հայաստանը կորցրեց բոլոր գործընկերներին, բոլոր աջակցող կազմակերպություններին, եւ այսօր դարձել ենք քամուն հանձնված փետուր»,- կարծում է ՀՀՇ վարչության անդամը՝ պնդելով, որ իշխանափոխությունը «որոշակիորեն ետ կբերի մեր երկրի կորուստներն ու ձախողումները, կվերականգնի իմիջը»: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում էլ հնչած հրատապ իշխանափոխության պահանջը նա ինքնանպատակ չի համարում՝ «Հայաստանի՝ այսօրվա վիճակից դուրս գալու միակ ձեւն է դա»:
«Առավոտի» այն դիտարկմանը, որ չնայած մեր երկրում վերջին երկու տարիներին էլ սոցիալ-տնտեսական վիճակը կայուն չէր, բայց մինչեւ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը՝ իշխանափոխության հարց առաջ քաշելիս Կոնգրեսը երբեք առանձնակի շեշտադրումներ չէր անում սոցիալական խնդիրներին, մինչդեռ մարտի 1-ի հանրահավաքի իշխանափոխության պահանջի առանցքում հենց սոցիալական հարցեր էին՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Երկու տարի Հայ ազգային կոնգրեսը սոցիալական խնդիրն առաջ չի մղել շատ պարզ պատճառով՝ արտաքին մարտահրավերները՝ Ղարաբաղի ինքնորոշման, հայ-թուրքական սահմանի արժանապատիվ բացման, տարածաշրջանային խաղաղության եւ կայունության խնդիրը շատ լուրջ էին, պատմական, եւ ձախողումներն էլ կարող էին լինել անվերադարձ: Այդ խնդիրների հաջողության դեպքում սոցիալական հարցերն ինքնըստինքյան կարող էին լուծվել: Ընդհանրապես, սոցիալական խնդիրների վրա հենվելն իր մեջ մի տեսակ պոպուլիզմ է պարունակում, բայց երբեմն շատ ավելի հզոր գործիք է: Մենք այդ պոպուլիզմի գործիքից չենք օգտվել, որպեսզի իշխանությունը կարողանա թուլացնել արտաքին մարտահրավերների ուժգնությունը, անգամ ժողովրդի կամքին երբեմն հակառակ գնալով՝ երկու-երեք անգամ թայմ-աուտ հայտարարեցինք մի քանի ամիս, որպեսզի իշխանությունը պատմական ձախողումներից հետ քաշվելու հնարավորություն ունենա: Չկարողացան եւ չուզեցին: Հիմա ուզեն էլ՝ արդեն չեն կարող, որովհետեւ, ըստ իս, այնքան են խորացել, որ իրենց ունակությունները, մարդկային ռեսուրսը, իմիջը եւ պարտնյորային հարաբերություններն արդեն թույլ չեն տա նրանց որեւէ լուրջ գործընթաց իրականացնել»: Այս ամենից հետո իշխանությունները շարունակում են ականջալուր չլինել ՀԱԿ-ին, ավելին, առավել խորը դրսեւորումներ են ստանում սոցիալական խնդիրները՝ վարսավիրներ, տաքսիների վարորդներ, մսագործներ, ոսկերիչներ, անիմաստ, չհիմնավորված եւ չտրամաբանված թանկացումներ եւ այլն, խնդիրներ, որոնք ըստ մեր զրուցակցի՝ «պայթելու են» ապրիլ-մայիսից սկսած եւ բերելու են լուրջ սոցիալական լարումների՝ որոնց «ուզես, թե ոչ, պետք է տեր կանգնես, քանի որ երբ սոցիալական լարումները ծավալվում են, հիմնավորվում եւ մասսայական են դառնում՝ վերածվում են քաղաքականի»: Իսկ այսօր այլ դաշտ, քան Հայ ազգային կոնգրեսը, որտեղ քաղաքական պաշտպանություն կարող են գտնել այդ մարդիկ, Արամ Մանուկյանը չի տեսնում: «Եթե մենք ոչինչ էլ չանենք՝ իշխանությունն իր տգետ եւ անկարող, անպատասխանատու քաղաքականությամբ մոտեցնում է իշխանափոխությունը»,- եզրակացնում է մեր զրուցակիցը: