Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ

Մարտ 12,2010 00:00

(Սկիզբը՝ նախորդ համարում)

Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի եւ սպանում է նրան ու հրավեր ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող ուրիշ կնոջ ամուսնուն, դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին «հանգցնել հայի լույսը», իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը եւ իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:

Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը հանդիսանում են ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքը էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության՝ տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր «ես»-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է «ոչ ասպետական վարքագիծ» եւ նա որակվում է որպես անբարո մարդ:

Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները, կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե՛ կինը, թե՛ տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես, օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է: Երբ կնոջ կամ տղամարդու մոտ, երեխաների մեծանալուն զուգընթաց, թուլանում են մայրական կամ հայրական զգացմունքները, երբ նրանց բազմացման բնազդը սկսում է գերիշխել բարոյական հատկանիշների նկատմամբ, ապա նրանք սկսում են նոր զուգընկերոջ որոնումներ, իսկ նախկինին փորձում են ինչ-որ կերպ երկրորդական պլան մղել կամ չեզոքացնել: Առաջանում է կոնֆլիկտային իրավիճակ այս եռյակի հարաբերություններում, որտեղ ներառվում են հետագայում սեռային հետաքրքրության նոր զուգընկերը, հասարակական-պետական խմբերն ու կառույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել