Լրահոս
Օրվա լրահոսը

Քնե՞լ իրար հետ, թե՝ ոչ…

Մարտ 12,2010 00:00

Մինչամուսնական սեռական հարաբերությունները շարունակում են մնալ քննարկման թեմա

«Էրեխեք, երեկ գիշերը ֆորումներից մեկում կռիվ եմ արել մի տղայի հետ, որն ասում էր՝ ես երբեք չեմ ամուսնանա այն աղջկա հետ, ով մինչեւ ամուսնությունը իմ կամ ուրիշ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած լինի: Լրիվ նահապետական հայկական մտածելակերպ ուներ: Հիմա այստեղ տղաներով շատ եք, խնդրում եմ ասեք, էլ ով է այդպես մտածում, ով է դեմ նախաամուսնական սեռական կյանքին»,- ասաց Շուշանիկ Մելքոնյանը: «Հա, ես դեմ եմ, ո՞նց կարամ ես հագած կոշիկ հագնեմ»,- նրան պատասխանեց Արսենը…

Վերջերս նման խոսակցության ականատես եղա Երեւանի պետական թատրոններից մեկում, որտեղ տեղի էր ունենում հերթական ներկայացման փորձը: Հենց ընդմիջմանն էլ սկսվեց այս թեժ խոսակցությունը, որը բավականին երկար շարունակվեց: Խոսակցության ընթացքում, լսելով տարատեսակ կարծիքներ այս հարցի վերաբերյալ, որոշեցի անդրադառնալ դրան՝ խոսելով ազգագրագետի, հոգեբանի, սեքսապաթոլոգի եւ քահանայի հետ:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այսօրվա երիտասարդները ուզում նախքան ամուսնությունը անպայման սեռական հարաբերություններ ունենալ սիրած էակի հետ, մի՞թե սեռական կապը ձեզ համար սիրո ապացույց է դարձել: Յուրաքանչյուր տղամարդ ունի պատկերացումներ կնոջ մասին, եւ այդ պատկերացումները չորս կերպարով են դրսեւորվում: Առաջին կերպարը Եվան է, որ մարմնավորում է սեռականությունը, երկրորդը՝ Հեղինեն (Ելենան), որ խորհրդանշում է ռոմանտիկությունը, երրորդը՝ Սուրբ կույս Մարիամը՝ մայրության խորհրդանիշը, եւ չորրորդ կերպարը Սոֆիան է՝ իմաստնությունը: Երբ տղան ձգտում է սեռական հարաբերությունների, միգուցե զուգընկերուհու մեջ Եվային է տեսնում: Ճիշտ է, փոխվում են ժամանակները, բայց զգացմունքները չեն ենթարկվում ժամանակի փոփոխություններին»,- ասում է հոգեբան Վլադիմիր Միքայելյանը:

Իսկ երիտասարդների խոսակցությունը շարունակվում է այսպես…

«Կյանքում ավելի վեհ հարաբերություններ ու զգացմունքներ կան, քան այդ մինչամուսնական սեռական հարաբերությունները: Չէ՞ որ երկու հասկացություն կա՝ զբաղվել սեքսով եւ զբաղվել սիրով, դրանք շատ տարբեր բաներ են»,- ասում է դերասան Լեւս Դավթյանը:

«Անշուշտ, ժամանակները փոխվում են, սակայն դա չի նշանակում, որ փոխվում է նաեւ մեղք գործելու գաղափարը: Այս պարագայում մինչամուսնական սեռական կապը մեղք է: Ով է ասում, որ մինչամուսնական սեռական համապատասխանությունը կարեւոր է հետագայում ամուր ընտանիք ունենալու համար: Ամուր ընտանիք ունենալու հիմքը սերն ու զիջողությունն են: Խորհուրդ կտամ ամուսնանալ, ստանալ Աստծո օրհնությունը եւ դառնալ ոչ թե երկու, այլ մեկ մարմին»,- ասում է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ թեմայի մասին խոսելիս նշեց, որ որքան էլ փոխվեն ժամանակները, միեւնույն է՝ մենք դեռ շարունակում ենք ապրել մեր նախապաշարմունքներով: «Մենք ավանդութային հասարակության կրողներ ենք, եւ դա ժամանակի ընթացքում փոխել անհնար է: Որքան էլ մարդիկ պնդեն, թե ազատ մտածելակերպի տեր են եւ իբր ուշադրություն չեն դարձնում «կարմիր խնձորին», այնուամենայնիվ, համոզված չեմ, որ կգտնվի որեւէ հայ ծնող, ում չի հետաքրքրի իր հարսի կույս լինելը: Դա ավանդական մտածելակերպ է, որ աղջիկը պետք է կույս լինի մինչ ամուսնությունը եւ փորձառություն ձեռք բերի միայն ամուսնությունից հետո»,- ասում է նա:

«Եթե տղա ու աղջիկ իրար հետ ընկերություն են անում, թող մի հատ քնեն իրար հետ, տենան ամեն ինչ նորմալ է, թե չէ, հետո նոր ամուսնանան: Ես քանի ընկերուհի ունեցել եմ՝ բոլորի հետ էլ քնել եմ»,- կեսկատակ-կեսլուրջ հավելեց Լեւսը:

Սեքսապաթոլոգ Ռուզան Ազատյանից էլ փորձեցի ճշտել՝ այսօր երիտասարդների մոտ մե՞ծ է արդյոք սեռական անհամապատասխանության խնդիրը: «Մինչամուսնական սեռական հարաբերություններում չափազանց կարեւոր է զույգերի ցանկությունը, այլ ոչ թե հարաբերություննների անհամապատասխանության պարզաբանումը: Այս հարցը շատ հարաբերական է. կան զույգեր, որոնց համար մինչամուսնական սեռական հարաբերությունները սովորական կլինեն, հնարավոր է՝ նաեւ հակառակը լինի: Բացի այդ, երիտասարդները, տրվելով զգացմունքներին, որոշակի բարդությունների առաջ կարող են կանգնել, ինչպես, օրինակ, սեռավարակներն են: Շատ դեպքերում էլ պատահում է նաեւ առաջին հղիության ընդհատում, ինչն էլ անդառնալի հետեւանքներ կարող է թողնել: Երկար ժամանակ սեռական ցանկություն ունենալը, բայց սեռական հարաբերություններից խուսափելը եւս բացասական ազդեցություն է թողնում: Նման դեպքերում սեռական խանգարումներ են լինում եւ վերականգնվելու համար հատուկ բուժում է հարկավոր»,- ավելացրեց Ռ. Ազատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել