Կան աղջիկներ, որոնք չեն ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը
«Գրականության մեջ բացակայում է «կուսության բարդույթ» տերմինը,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը, ում պրակտիկայում ավելի հաճախ հանդիպող տերմինը «մանկության բարդույթն» է, որն ինքնին մոտ է «կուսության բարդույթ» ասվածին: Ա. Գրիգորյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ շատ աղջիկներ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո շարունակում են իրենց կույս զգալ, պարզաբանեց, որ այդ կարգի բարդույթ ունեցող աղջիկը անգիտակցաբար չի պատրաստվում հրաժեշտ տալ մանկությանը, ձգտում է պաշտպանված լինել իրեն սիրող մարդու կողմից: Հաճախ այս դերում լինում է նրա մայրը:
Բժիշկը ասում է, որ շատ աղջիկներ մանկուց կապված են լինում մայրերի հետ եւ մայր-աղջիկ հարաբերություններում քննարկման թեմա կարող է դառնալ նույնիսկ աղջկա առաջին ամուսնական գիշերը:
Նրա խոսքերով, այսպիսի զրույցներն ու խորհուրդները, ինչպես փորձը ցույց է տալիս, ստեղծում են ավելորդ լարվածություն, ինչի հետեւանքով ձեռք է բերվում նեւրոզ, ձեւավորվում է սեքսուալ բարդույթ, որն էլ իր հերթին կարող է բերել սեքսուալ ցանկության բացակայության: Կլինիկայում հանդիպում է «կույս ամուսնություն» կոչվածը, երբ լիաժեք չի բացվում կուսաթաղանթը: Ա. Գրիգորյանը պատմում է, որ իրեն հաճախ են այս կարգի բարդույթներով ամուսնական զույգեր այցելում եւ, որպես կանոն, ծնողների ուղեկցությամբ, եղել է դեպք, որ այցելել են գյուղի մեծերից մեկի հետ:
Բանն այն է, որ անկողնում իրենց կանոններն են թելադրում սկեսուր-մայրիկներն ու զոքանչները, քանի որ դեռ գոյություն ունի «կարմիր խնձոր» տանելու կուլտուրան: «Այս տեսակի բարդույթից ձերբազատվելու համար խորհուրդ ենք տալիս ծնողներին հնարավորինս մեկուսացնել անկողնային գործերից: Չէ՞ որ սեռական կյանքը երկուսի համար է տրված»,- եզրափակում է սեքսապաթոլոգը:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը եւս ժխտում է «կուսության բարդույթ» տերմինը ու հավելում, որ դա ավելի շատ էթնիկ բարդույթ է: «Յուրաքանչյուր ազգ ունի իրեն հատուկ բնորոշ ավանդույթներ: Կուսության պաշտամունքը, այսպես կոչված՝ ձեւական թասիբը, հայերի շրջանում դեռ երեխայի մեջ փոքրուց է դրվում եւ նույնիսկ ուղեկցվում որոշակի վախերով, մեղքի զգացումով եւ այլն… Ինչի հետեւանքով կորցնելով կուսությունը, աղջկա մեջ ափսոսանքի զգացում է արթնանում, ձգտում՝ վերադառնալ դեպի մանկություն: Շատ աղջիկների համար կուսության կորուստը մահից հետո ամենասարսափելի բանն է կյանքում: Նույնիսկ կան աղջիկներ, որոնք մինչ ամուսնանալը անկողնում ունենում են բավականին անկաշկանդ կապեր՝ պահպանելով կուսությունը: Ինչը, գուցե, ավելի կեղտոտ է ու անբարոյական»,- ասում է հոգեբանը:
Ըստ Մ. Մադաթյանի, շատ աղջիկների մոտ նույնիսկ ագրեսիա, ոտնձգություն է սկսվում նրա հանդեպ, ով իրենց զրկել է կուսությունից եւ շարունակում է հաճույք պարգեւել: «Այս ամենը գալիս է նրանից, որ սեռական կյանքը շղարշվում է գիշերվա քողի տակ եւ նմանվում ինչ-որ արարողության, պարտականության, այլ ոչ թե արվեստի, սիրո բացատրության, երաժշտության, ինչու չէ՝ ներդաշնակ սիմֆոնիայի: Իսկ ես հաճախ այսպիսի սեռական ակտը՝ պարտականությունը, համեմատում եմ լվացք անելու գործընթացի հետ»,- պարզաբանում է հոգեբանը ու հավելում, որ շատ կանայք նույնիսկ չգիտեն, թե ինչ է օրգազմը:
Ընդունված կարգի համաձայն, մեզ մոտ սեռական հաճույքը ուղղված է միմիայն տղամարդուն բավարարելուն: Մ. Մադաթյանը ասում է, որ մեզ մոտ ամուսնական զույգերը, որպես կանոն, սեքսի շուրջ զրույցներ չեն վարում:
Հոգեբանը, անդրադառնալով հեռուստահաղորդումներին, նաեւ ասաց, որ դրանք իրեն մտահոգում են, եւ հատկապես այն հաղորդումները, որոնց ընթացքում շատ բաց թեմաներ են շոշափվում:
«Ինչ-որ այսօր խոսվում է էկրաններից սեքսի շուրջ ու տպագրվում որոշ ամսագրերում՝ բավական գռեհիկ է ու պարզունակ: Սեքսուալը մերկ կինը չէ, այլ հագնվածը, որից ակնկալվում է մերկ գեղեցկություն»,- նշում է հոգեբանը ու եզրափակում, որ, ցավոք, կնոջ մերկ մարմինն այսօր սեռական ցանկություն չի արթնացնում: Այն ընդամենը սովորական պաստառ է, պատկեր, որին կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի: