ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի՝ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի նիստի օրակարգում քննարկվել է, թե հայկական ո՞ր ակումբները կստանան «ազգային» արտոնագիր՝ արժանանալով ՀՀ բարձրագույն խմբի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքին:
Ակումբները 2009/10 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում ՀՖՖ արտոնագրման բաժին են ներկայացրել իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերել են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի ոչ ֆինանսական չափանիշներին (մարզական, կադրային-վարչական, իրավական եւ ենթակառուցվածքային), որոնց հիման վրա փորձագետներն անցկացրել են անհրաժեշտ ստուգումներ: Ստուգումների արդյունքները ներկայացվել են նիստում: Հիմնվելով հաշվետվությունների եւ ստուգումների արդյունքների վրա՝ արտոնագրման կոմիտեն որոշեց արտոնագրեր շնորհել բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր ութ թիմերի մայր ակումբներին՝ «Փյունիկին», «Միկային», «Ուլիսին», «Բանանցին», «Գանձասարին», «Շիրակին», «Կիլիկիային», ինչպես նաեւ բարձրագույն խմբի նորեկ «Էրեբունի-Դիլիջան» ՖԱ-ին:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ այսքանով արտոնագրային գործընթացը չի ավարտվում: Մինչեւ ս.թ. ապրիլի 5-ը ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացնեն նաեւ իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության հիման վրա կորոշվի ակումբների «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի ճակատագիրը: