Օրերս Երեւանի ֆուտբոլային սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ տոնում էին Մադրիդի «Ռեալի» 108-ամյակը՝ արքայական ակումբի ֆանատներն էին: Նրանց բոլորին այսօր միավորում է ոչ միայն սերը արքայական ակումբի հանդեպ, այլեւ՝ «Ռեալի» հայալեզու կայքը, որ երիտասարդները սեփական ուժերով են ստեղծել ու պարբերաբար թարմացնում են: Իսկ արդեն կայքային, ֆորումային շփումն էլ բերել էր «Ռեալի» հայկական ֆան-ակումբի ստեղծման գաղափարին: Իհարկե, որպես հասարակական կազմակերպություն բլանկոսաֆանները դեռ չեն ձեւակերպվել, սակայն ծրագրում են հետագայում պաշտոնապես գրանցվել իբրեւ Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան-ակումբ:
Ընդհանրապես երկրպագուների շատ քիչ խմբեր են գրանցվում իբրեւ հ/կ-ներ: Անգամ այն խմբերը, որոնք ունեն ընդունված կանոնադրություն, հստակ անդամագրում ու սրանց ենթարկվող գործելաոճ: Այդ խմբերից մեկն էլ First Armenian front-ն է, որը, ի դեպ, «Ռեալի» երկրպագուների պես, ֆորումային ծնունդ ունի: FAF-ի հիմնադիրներից Էդգար Պետրոսյանը ասում է, որ պաշտոնական գրանցման մասին նոր չէ, որ մտածել են, սակայն դա նույնիսկ հակասում է FAF-ի շարժումային ոգուն:
Ֆան-շարժումների ոգուն օտար է նաեւ այս կամ այն կազմակերպության ուղղորդումը, անգամ՝ իրենց երկրպագած ակումբի կողմից: Դա իհարկե չի նշանակում, որ երկրպագուների շարժումները չեն համագործակցում իրենց թիմի հետ: Այդպես, օրինակ, ավելի քան 10 տարի «Արարատի» բոլոր հանդիպումներին հայաստանյան տարբեր մարզադաշտերում կարելի է հանդիպել երկրպագուների մի խմբի՝ շարֆերով, թմբուկներով ու երգերով: Հայկական ակումբային ֆուտբոլում, թերեւս, ամենակայացած այս խմբավորումը ոչ միայն ինքն է թեւ ու թիկունք իր սիրելի թիմին, այլեւ թիմը՝ իրենց: Կապան ու Գյումրի ուղեւորվելու հարցում մեկ անգամ չէ, որ ակումբի ղեկավարությունն աջակցել է իր երկրպագուներին:
Բայց մի բան է, երբ ակումբն աջակցում է, ու բացարձակ այլ, երբ հենց ինքն է ստեղծում ու կարգավորում մի շարժում, որ գոյություն չունի: Վերջերս Երեւանի «Բանանցը» հայտարարեց ֆան-ակումբի ստեղծման մասին՝ հրավիրելով իրենց երկրպագուներին անդամագրվել: Ինքնին գովելի փաստ է, բայց կարծես թե «Բանանցում» մոռանում են, որ ֆան-ակումբը գրասենյակ չէ, ու ֆաներն էլ գրասենյակային աշխատողներ չեն: Ֆուտբոլային ֆանատներին միավորում է տարերայնորեն ձեւավորված սուբկուլտուրան՝ մոդան, վարքը, սլենգը, հետաքրքրությունների ընդհանրությունը: Իսկ այդ ամենի համար նախ հենք է պետք ունենալ, ապա նոր՝ եղածը կառուցվածքայնացնել: Ոչ ոք չի վիճում, թե իրապես «Բանանցի», «Ուլիսի» կամ «Շիրակի» համար ցավողներ չկան: Բայց ակնհայտ է, որ նրանց բոլորին մի կազմակերպությունում անդամագրելու դեպքում էլ ցանկալի արդյունքին տվյալ ակումբի ղեկավարությունը չի հասնի:
Ֆուտբոլային երկրպագուների շարժումը, ֆանատիզմը՝ անկախ նրանից, թե որքանով է լավ կամ վատ, դրական կամ բացասական, ինքնաբուխ առաջացող երեւույթ է: