Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական ֆիլմ

Մարտ 12,2010 00:00

«Իմ թշնամին՝ իմ ընկերը» ֆիլմը հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համատեղ աշխատանքն է, որը «Կինոերկխոսություններ» ծրագրի 2-րդ շարքի վավերագրական ֆիլմերի շրջանակում երեկ առաջին անգամ հանձնվեց հայ հանդիսատեսի դատին: Ֆիլմը պատերազմի հետեւանքների, ռազմագերիների ու նրանց փոխանակմամբ զբաղվող մարդկանց մասին է: Նրանց միջոցով փոխանակվել է ավելի քան 500 գերի: Ֆիլմի գլխավոր մեսիջը, ըստ Ծրագրի համակարգող Հարություն Մանսուրյանի, մարդկանց հասկացնելն է, որ խաղաղությունը հաստատվելու է ոչ թե ստորագրությամբ, որը դրվելու է թղթի տակ, այլ մարդկանց ուղեղներում, ու այլ կերպ հնարավոր չէ: Պարոն Մանսուրյանի խոսքով, ֆիլմը օրեր առաջ ցուցադրվել է Արցախում, այսօր՝ Թբիլիսիում, իսկ Ադրբեջանում ցուցադրությունը նախատեսվում է մոտ տասը օրից. «Արձագանքները տարբեր են, իհարկե, կան տեսակետներ, թե նման ակցիաներով ոչինչ չի փոխվի: Այս ֆիլմերում հեղինակները փորձել են մարդկային պատմություններում հասկացնել, թե ինչ մեծ դժբախտություն է պատերազմը»:

«Երկխոսություն տեսախցիկի միջոցով» համատեղ ծրագիրը իրականացնում են «Ինտերնյուս Հայաստանն» ու «Ինտերնյուս Ադրբեջանը», Ստեփանակերտի մամուլի ակումբը, «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպությունը, որը նպաստում է խոշոր հակամարտությունների կանխարգելմանը եւ պատերազմից տուժած հասարակություններում խաղաղության հաստատմանը: 2006-ից մինչ օրս ծրագրին մասնակցել է ավելի քան 30 երիտասարդ: Իմ ընկալմամբ, ֆիլմում կշեռքի նժարը ադրբեջանցիների կողմն էր. նրանց գերու ներկայացմամբ՝ հայերն իր հետ ավելի դաժան էին վարվել, քան հայ գերու հանդեպ ադրբեջանցիները: Մի նրբերանգ էլ կար, ֆիլմում անընդհատ նամազի ժեստն էր ցուցադրվում, ինչի պատճառով եվրոպացիները հաստատ կմտածեն, որ ադրբեջանցիներն ու հայերը նույն կրոնի, գիտակցության ու կենցաղի կրողն են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել