Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը չեն փոխվել

Մարտ 12,2010 00:00

Համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

\"\"

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունումը մեկ անգամ եւս փաստում է, որ Միացյալ Նահանգներում գիտական եւ պետական մակարդակով ոչ ոք չի կասկածում, թե իսկապես եղել է Հայոց ցեղասպանություն: Երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մասնավորապես ընդգծելով. «Իսկ որ խնդիրը չի մտնում Կոնգրեսի լիագումար նիստի քննարկման օրակարգ, մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այստեղ քաղաքական շահն ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունն ու պատմական ճշմարտությունը: Ինչ-որ իմաստով, բումերանգի նման, այս հանգամանքը հարվածում է նաեւ ԱՄՆ-ի հեղինակությանը՝ որպես միջազգային ասպարեզում ժողովրդավարության միջնաբերդ: Բանաձեւի՝ Կոնգրեսի լիագումար նիստ մուտք գործելու փոքր հավանականություն եմ տեսնում… Նույնիսկ, եթե մուտք գործի, քվեարկությունը կլինի բացասական»: Պատմաբանի համոզմամբ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձեւի ընդունումը նախապես մշակված սցենար էր, որով ԱՄՆ-ը պարզապես նպատակ ուներ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում վերջնագիր ներկայացնել Թուրքիային:

Պարոն Մեքոնյանի կարծիքով, բանաձեւի ընդունումը դրական էր քարոզչական առումով, իսկ ճանաչման առումով որեւէ առաջընթաց չունեցանք. «Մենք պետք է նահանջենք ճանաչումից, այն արդեն իրողություն է ու պարզապես գործիք ուրիշների ձեռքին՝ իրենց խնդիրները Թուրքիայի հետ կարգավորելու համար»: Նա ափսոսում է, որ, այդուհանդերձ, պետական մակարդակով շարունակվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը. «Ճանաչումն արդեն վաղուց պատմության գիրկն է անցել: Պետք է խոսել՝ քաղաքակիրթ լեզվով ասած, ցեղասպանության հետեւանքների վերացման, իսկ շատ ավելի հստակ՝ հատուցման մասին: Հատուցման մասին չխոսելը նշանակում է՝ ցեղասպանվածի բարդույթը հաղթահարելու հնարավորություն չունենք եւ ճիշտ ուղու վրա չենք»: Բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի պահվածքին անդրադառնալով՝ պատմաբանը նշեց. «Թուրքիան քանիերորդ անգամ ապացուցեց, որ դեռ շարունակում է գործել 500-ամյա Օսմանյան կայսրության ինքնության դիրքերից, այսինքն՝ թուրքը մշտապես իր ճշմարտությունը հաստատել է ուժի դիրքերից եւ բավական էր բանաձեւի հաստատումը, որ թուրք դիվանագետները՝ կոստյումներով եւ փողկապներով, փոխեին իրենց իրական պատկերը եւ խոսեին Օսմանյան կայսրության լեզվով՝ ապառնալիքներ հնչեցնեին, թե տեսեք՝ ինչ տեղի կունենա սրանից հետո: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հետ կանչելը պարզապես նախապայման էր ԱՄՆ-ի առջեւ»:

Ա. Մելքոնյանը անդրադարձավ նաեւ վերջերս Կրեմլի պաշտոնական կայքէջում՝ kreml.org, տեղադրված մի գրքի: Աշխատության ռուս հեղինակները փորձել են գնահատել՝ որքանո՞վ է պատմությունը գիտական կամ խեղաթյուրված. «Գրքում նշված է, թե, բացառությամբ Հայաստանի եւ Բելառուսի, մնացած բոլոր հետխորհրդային երկրների դասագրքերի պատմությունը խեղաթյուրված է: Հարկ է նկատել, որ գրքում ռուսները ծաղրել են ադրբեջանցի մասնագետներին՝ շումերներին, աքադացիներին ադրբեջանցի համարելու համար: Ամենախայտառակ բանը. պարզվում է, ըստ ադրբեջանցի պատմաբանների՝ աշխարհում առաջին ադրբեջանցին ձեւավորվել է Արեւմտյան Ադրբեջանում, որի դիմաց փակագծում գրված է՝ ներկայիս Հայաստան, եւ իբր 1918թ. մայիսի 29-ին ինչ-որ անձինք դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ նշելով, որ նորանկախ Հայաստանը չունի մայրաքաղաք, խնդրում ենք ադրբեջանական Երեւան քաղաքը տրամադրել մեզ որպես մայրաքաղաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել