Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՐԵԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարտ 12,2010 00:00

ՀՊՖՆ-ն կմեկնի նաեւ Կորեա

\"\"
Էդուարդ Թոփչյանը (աջից)՝ Սոնյա Շտայնդըլի եւ երիտասարդ երաժիշտների հետ:

«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) կայանալիք համերգին հայաստանցի ունկնդրին առաջին անգամ կներկայանան կորեացի երիտասարդ արվեստագետներ, դաշնակահարուհի Հյո-Ջու Լին եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքը: «Առավոտին» հետաքրքրեց երաժիշտների հետ ժամանած պրոդյուսերական գործակալության ներկայացուցիչ Սոնյա Շտայնդըլի ներկայությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա օգոստոսին արեւմուտքում հայտնի անուն, պրոդյուսերական գործակալության տնօրեն Սոնդ- Դիոնգ Կվոնի հրավերով ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ղեկավարեց Կորեայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, որից հետո մեզանում սկսվեց շրջանառվել այն խոսակցությունը, թե 2010-ին էլ սպասվում են ՀՊՖՆ-ի հյուրախաղերը Հարավային Կորեայում:

Մեզ հետ զրույցում տիկին Ս. Շտայնդըլը թեեւ չթաքցրեց Հայաստան ժամանելու նպատակը, սակայն զգուշորեն ասաց, որ իրենց գործակալությանը հետաքրքրել է ՀՊՖՆ-ն այն բանից հետո, երբ ժամանակին շփվել են ազգությամբ հայ առաջին դիրիժորի՝ Էդ. Թոփչյանի հետ: Մեր նվագախմբի եւ իրենց առաջիկա ծրագրերի մասին էլ հայտնեց, որ իրենք տարվա ընթացքում համագործակցում են, նաեւ կազմակերպում համերգային հյուրախաղեր՝ շուրջ 200 սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

ՀՊՖՆ-ի՝ Հարավային Կորեա կայանալիք հյուրախաղերի մասին հաջողվեց տեղեկատվություն կորզել դիրիժոր Էդ. Թոփչյանից. «Բնականաբար, մեր նվագախմբի հանդեպ հետաքրքրությունն է Հայաստան բերել կորեացի գործակալին, որի գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է աշխարհը»: Հավելեց նաեւ, որ 2011թ. նոյեմբերին Ճապոնիայում կայանալիք ՀՊՖՆ-ի համերգներից հետո կորեացիները մտադիր են նվագախմբի համերգները շարունակել իրենց երկրում:

Կարճատեւ զրույց ունեցանք նաեւ դաշնակահարուհի Հյո-Ջու Լիի եւ դիրիժոր Յունգ-Մին Փարքի հետ: Հարցին՝ այդ ի՞նչ ծրագրով է Հարավային Կորեայում պրոպագանդվում դասական երաժշտությունը, որ այսօր նրանք «գրավել» են աշխարհի լավագույն բեմերը, դաշնակահարուհին դժվարացավ պատասխանել, արդարանալով, թե ինքը 15 տարեկանից ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում: Միայն նշեց, որ Եվրոպան հետաքրքրված է դասական արվեստով, մասնավորապես՝ երաժշտությամբ եւ տարբեր երկրների մշակույթը կառավարող ոլորտներում լավ իմաստով աժիոտաժ է բարձրակարգ արվեստի հանդեպ: Դիրիժոր Յունգ-Մին Փարքն էլ փաստեց, որ հարավկորեական ընտանիքների մեծամասնությունը երաժշտական կրթությունը համարում է պարտադիր: Հենց նման համատարած ուշադրության ու սիրո արդյունքում է, որ ի հայտ են գալիս շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդներ: Այդ դեպքում ինչո՞ւ են կորեացի երաժիշտներից շատերը նախընտրում ապրել եւ ստեղծագործել արեւմուտքում, մեր հարցին ի պատասխան՝ զրուցակիցներս հավաստիացրին, որ այսօր իրենց երկրում նախ մեծ է մրցակցությունը, հետո էլ կեսկատակ-կեսլուրջ հավելեցին, թե դժվար է պատկերացնել հազարավոր բարձրակարգ երաժիշտներ ապրեն ու ստեղծագործեն մի երկրում:

Զրույցից պարզվեց, որ երաժիշտները չեն ճանաչում ոչ մի հայ կոմպոզիտորի, իսկ դիրիժորն էլ զարմացավ՝ մեզնից տեղեկանալով, որ Արամ Խաչատրյանը հայ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել