Հինգշաբթի օրը երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերջապես հաջողվել է Ուկրաինայի Գերագույն ռադայում նոր՝ «Կայունություն եւ բարեփոխումներ» կոալիցիա ձեւավորել: Վերջինը՝ անհրաժեշտ 226 պատգամավորների փոխարեն, ունի արդեն 235 անդամ: Այդ մասին, ըստ «Newsru»-ի, երեկ հայտարարել է Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը: Կոալիցիայի ձեւավորումից անմիջապես հետո վերջինի անդամներն առաջարկել եւ քվեարկությամբ Ուկրաինայի նոր վարչապետ են ընտրել «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ Նիկոլայ Ազարովին (նկարում): Ուկրաինայի խորհրդարանում նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ այլեւս նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի զինակիցները հրաժարվել են ճանաչել ոչ միայն նոր ձեւավորված կոալիցիան, այլեւ նոր կառավարությունում ներկայացված լինելու առաջարկից՝ հայտարարելով, թե անցնում են ընդդիմադիր ճամբար: