Հունաստանում գործադուլների նոր ալիք է սկսվել: Երեկ գործադուլ են հայտարարել պետծառայողները, չի աշխատել հասարակական տրանսպորտը, փակ են եղել օդակայանները, դպրոցներն ու հիվանդանոցները: Սպասվում է, որ համընդհանուր գործադուլը կտեւի մի քանի օր: BBC-ին հիշեցնում է, որ Հունաստանում բողոքի ակցիաների պատճառ են դարձել կառավարության կողմից պետական բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում պետական ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները: Հունաստանում սկսված գործադուլային ալիքի հետեւանքով երկիրն արտաքին աշխարհից մեկուսացվել է, քանի որ ավիադիսպետչերները եւս դադարեցրել են իրենց աշխատանքը, նրանց են միացել նաեւ նավահանգստային եւ առափնյա ծառայության աշխատակիցները, ինչի արդյունքում նավահանգիստներում բազմաթիվ նավեր են կուտակվել: Սպասվում է, որ գործադուլավորներին են միանալու նաեւ ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցներն ու մաքսավորները:
Հունաստանի կառավարությունը հայտարարել է, թե հասկանում է քաղաքացիների դժգոհությունները, բայցեւ հրաժարվել է մեղմել ձեռնարկված քայլերը: Գործատուների հունական դաշնության ղեկավարը մեղադրել է գործադուլավորներին այն բանում, որ նրանք փորձում են ստիպել երկրին ողորմություն խնդրել: Հավելենք, որ Հունաստանի բյուջեի դեֆիցիտն այսօր կազմում է ՀՆԱ-ի 12,7 տոկոսը, պետական պարտքը 300 մլրդ դոլար է, գործազրկությունը՝ 10 տոկոս եւ արժեզրկումը երկրում կազմում է 2,8 տոկոս: