Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մարտի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որին, բացի Բեռլուսկոնիից, ներկա է եղել նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Իգնացիո Լա Ռուսսան, լրագրող Ռոկկա Կառլոմանյոն մի քանի անգամ փորձել է հարց տալ վարչապետին, սակայն նրան թույլ չեն տվել մոտենալ բարձրախոսին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, լրագրողը փորձել է բարձր ձայնով պնդել իր պահանջը՝ խափանելով ասուլիսի ընթացքը: Ի պատասխան՝ Բեռլուսկոնին լրագրողին անվանել է անդաստիարակ եւ սադրիչ ու հավելել. «Այս ասուլիսը լրագրողների համար է, եւ ոչ թե ձեր նման անձանց»: Ի պատասխան Կառլոմանյոյի պնդմանը, թե այլ լրագրողների տված հարցերը նախապես պատրաստված են, Բեռլուսկոնին ասել է, թե ոչինչ էլ նախապես պատրաստված չէ եւ վիրավորական արտահայտություններ է արել լրագրողի հասցեին: Երբ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, Իտալիայի պաշտպանության նախարարը փորձել է կոպիտ կերպով լրագրողին դուրս հանել դահլիճից: Կառլոմանյոն անվտանգության աշխատակիցներից պահանջել է դահլիճից վռնդել Լա Ռուսսային, որին նա «ֆաշիստ» է անվանել եւ խոստացել է դիմել դատարան: