Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը ողջունել է Վրաստանի նոր ռազմավարությունը

Մարտ 12,2010 00:00

\"\"Եվրամիությունը ողջունել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի նոր ռազմավարությունը: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշտոնը:

Դեռեւս հունվարի 28-ին Վրաստանի կառավարության հավանությանն արժանացած եւ «Մասնակցություն՝ համագործակցության ճանապարհով» վերնագրված այդ ռազմավարությունը նպատակ ունի հասնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի լիակատար «դեօկուպացիային», եւ կանխելու ՌԴ կողմից գրավյալ տարածքներն անեքսիայի ենթարկելու գործընթացը, նաեւ այդ տարածքներն ու դրա բնակիչներին, բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով, ինտեգրել Վրաստանին՝ միաժամանակ մերժելով հարցի լուծումը ռազմական ճանապարհով»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Վրաստանի կառավարությանը կոչ է արել խորհրդատվություններ սկսել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ այդ ռազմավարության գործողությունների ծրագիրը նախապատրաստելու նպատակով: Էշտոնը ողջունել է նաեւ Վրաստանի մտադրությունը՝ «Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերահսկող իշխանությունների» հետ չեզոք հարցերի շուրջ համագործակցության ծրագիր մշակելու նախաձեռնությունը եւ բոլոր կողմերին կոչ է արել դրա շուրջ հնարավորինս արագ բանակցություններ սկսել: Նա կրկնել է, որ Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ընդսմին, ինչպես փոխանցում է «Newsru»-ն, Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ նոր հակասություն է ի հայտ եկել: Հարավային Օսեթիան, չսպասելով իր կողմից Վրաստանին արած՝ սահմանների ապառազմականացման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկի պատասխանին, պաշտոնական Թբիլիսիին նաեւ տարածքային պահանջներ է ներկայացրել: Ցխինվալում հայտարարել են, թե սկսում են Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի «պետական սահմանին» ֆիքսող սյուներ տեղադրել: Ընդ որում, Հարավային Օսեթիայի տարածքը, այդ սահմանագծման համաձայն, զգալիորեն ավելի մեծ է, քան՝ այսօր կա: Ցխինվալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, թե Խորհրդային Վրաստանը իր կազմում գտնվող ինքնավար այդ մարզի տարածքները ժամանակ առ ժամանակ յուրացրել է, եւ հիմա օսերը մտադիր են դա եւս վերականգնել: Վրաց վերլուծաբաններն արդեն ահազանգել են, թե դա «շատ վտանգավոր զարգացումների եւ նոր հակամարտության կարող է հանգեցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել