Նրանք հուսով են, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծում կունենա
«Հայաստանը հարավկովկասյան երկրների մեջ ունի լավ հեռանկարներ, բայց ունի ձեզ քաջատեղյակ որոշ խնդիրներ: Դուք այն արտոնյալ սերունդն եք, որ մեծացել եք անկախ Հայաստանում: Սա ոչ միայն արտոնություն է, այլեւ պարտավորություն»,- երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Խոսելով ԼՂ հակամարտության մասին, Լենմարկերը նշեց, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին ֆուտբոլային խաղով սկսված գործընթացը պետք է մոտենա իր տրամաբանական ավարտին. «ԵԱՀԿ շրջանակներում քննարկվող այդ խնդիրը պետք է արագ լուծում ունենա… Հիշեք՝ անընդհատ մարդիկ են մահանում շփման գծում, ձեր տարիքի երիտասարդներ են սպանվում հակամարտության պատճառով, մեծ գումար, քաղաքական ներուժ է ծախսվում այդ խնդրի վրա: Մինչդեռ շփման գծում գտնվող շատ երիտասարդներ կարող էին լինել այստեղ եւ սովորել համալսարանում: Ե՛վ հայ, ե՛ւ թուրք խորհրդարանական գործընկերներին հորդորում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վավերացնեն արձանագրությունները»: Պարոն Լենմարկերը հույս հայտնեց, որ հարցը խաղաղ լուծում կստանա, ինչի համար անհրաժեշտ է, որ լինի համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը ընդունելի կլինի Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ու ժողովուրդների համար. «Ընդ որում, այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որ հարգի Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»:
Մի ուսանող Գ. Լենմարկերին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշին խնդրեց մեկնաբանել վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ պատերազմ սկսելու մասին: Ժ. Սուարեշը նշեց, որ այդ հարցին ավելի լավ կպատասխանի պարոն Լենմարկերը, ապա հավելեց. «Մենք միշտ շփումներ ենք ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամավորների հետ: Երկու կողմերն էլ քաղաքավարի եւ զուսպ են եղել իրենց շփումներում, մենք ստեղծել ենք այդ մթնոլորտը Խորհրդարանական վեհաժողովում»: Գ. Լենմարկերն էլ հայտնեց. «Ժողովրդավար երկրներում պատերազմ չի լինում, պետք է լինի հարցի խաղաղ լուծում, ռազմական հայտարարությունները, հռետորաբանությունը երբեք օգտակար չեն: Գիտեմ, որ դուք մտահոգ եք: Սա ասում եմ Երեւանում եւ այդ մասին կխոսեմ նաեւ Բաքվում»:
Հայաստանի՝ իբրեւ եվրոպական երկիր լինելու մասին էլ պարոն Լենմարկերն ասաց, որ միայն աշխարհագրորեն չի որոշվում Եվրոպա լինելը, մանավանդ՝ հայերը շվեդներից 700 տարի առաջ են քրիստոնեություն ընդունել. «Դուք անկախ երկիր եք, մենք չենք որոշողը, թե դեպի ուր եք ուզում գնալ: Եթե ցանկանաք, ձեզ կողջունեն եվրոպական ընտանիքում: Բայց մյուս կողմից էլ՝ դա այդքան էլ հեշտ չէ, դեռ շատ պահանջներ պետք է կատարվեն: Փոփոխություններ պետք է լինեն ձեր հասարակության մեջ, կայանա իրական ժողովրդավարությունը, հարգվեն մարդու իրավունքները: Մենք էլ կաջակցենք ու կօժանդակենք, որ դուք բարեփոխեք ձեր հասարակությունը»: