Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել
Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են կիրառական արվեստ, կավագործություն՝ ըստ նախասիրության, յուրաքանչյուր աշակերտ սովորում է անհատական դասացուցակով: Դասասենյակներն էլ ոչ սովորական են, օրինակ՝ կան այնպիսիք, որտեղ պատի մի հատվածը սովորականից փափուկ է, որպեսզի ուսուցիչը քորոցներով բանաձեւեր փակցնի պատին, քանի որ կավիճ ասվածը բացակայում է ամերիկյան դպրոցում: Դասասենյակներ էլ կան, որ հատակի մի մասը փայտյա է՝ նստարաններ դնելու համար, իսկ հատակի մյուս կեսը փափուկ գորգով է պատված, որպեսզի երեխաները ծալապատիկ նստած դաս սովորեն: Տեխնիկական բազայի հագեցվածության մասին խոսելիս տիկին Հովհաննիսյանը մի լավ հոգոց հանեց՝ երեւի հիշելով, թե ՀՀ-ի դպրոցները քանի անգամ են ետ մնում ամերիկյաններից. «Ավագ դպրոցները գերհագեցած էին տեխնիկական բազայով, վերանորոգված, յուրաքանչյուր երեխա ուներ իր համակարգիչը…»:
Ըստ զրուցակցիս՝ ԱՄՆ-ում դասագրքերի նկաnտմամբ քննադատությունն այնքան խիստ չէ, որքան ՀՀ-ում. «Այնտեղ կան նաեւ այլընտրանքային դասագրքեր, նահանգներ կան, որ անցել էին էլեկտրոնային դասագրքերի: Վճարումն անում է դպրոցը, եւ երեխաներն անվճար օգտվում են էլեկտրոնային դասագրքերից: Դասագիրք կոչվածն այդքան չէր քննարկվում, որովհետեւ այն գիտելիքի միակ աղբյուրը չէր, ունեին հրաշալի գրադարաններ, որոնցից երեխաներն օգտվում էին»: Բուհամոլության բարդույթն էլ է ԱՄՆ-ում հաղթահարված: Ըստ Ն. Հովհաննիսյանի. «ԱՄՆ-ում անպայման բուհ ընդունվելու խնդիր չկա: Երեխան գիտակցում է, որ գուցե չկարողանա հաղթարահել բուհի ծրագիրը, ուստի կամովին գնում է արհեստագործական դպրոց, օրինակ՝ սովորում վարսավիրություն, ուսումնառության երկրորդ տարվանից էլ աշխատում է՝ համեմատաբար ցածր գներով, կուտակված գումարից էլ հատկացնում նաեւ դպրոցին»:
Ծնողական ժողով ասվածը ԱՄՆ-ի դպրոցների մեծամասնության համար խորթ երեւույթ է, քանի որ ծնողի հետ կապն այնտեղ համակարգչային հատուկ ծրագրով է իրականացվում: Ն. Հովհաննիսյանը մանրամասնեց. «Ծրագրի միջոցով ծնողն ամենօրյա կապի մեջ է դպրոցի հետ. հետեւում է երեխայի գնահատականներին, հաճախումներին: Դասամատյանն էլ զուտ հաշվառման տետր է: ԱՄՆ-ի դպրոցների, ծնողների եւ աշակերտների համար ամենակարեւոր անձը դպրոցի տեսուչն է՝ իրենց վերահսկող: Դպրոցները ստուգվում են թեստերի միջոցով, ինչի արդյունքում ձեւավորվում են դպրոցների վարկանիշային ցուցիչները»:
Պարզվում է՝ ԱՄՆ-ն էլ ունի կրթական հիմնախնդիրներ: Զրուցակիցս նշեց. «Նույնիսկ նախագահ Օբաման վերջերս խոսել էր այն մասին, թե լուրջ հիմնախնդիր է այն, որ հիմնական դպրոց ավարտած երեխաների 50%-ն ավագ դպրոց չի ավարտում»: Ֆինանսավորման հարցերում զրուցակիցներս չէին էլ փորձում համեմատվել ԱՄՆ-ի հետ, քանի որ տարբերությունները հսկայական են: Օրինակ, եթե ՀՀ-ում մեկ աշակերտի համար պետությունը տարեկան հատկացնում է շուրջ 150 000 դրամ (մոտ $400), ապա ԱՄՆ-ում՝ $8000, այսինքն՝ 20 անգամ ավելի: Կամ՝ Վերմոնտ նահանգի ավագ դպրոցը, որը համեմատաբար աղքատ է եւ հաճախում են հիմնականում փախստական ընտանիքների երեխաները, տարեկան ունի $31 միլիոնի բյուջե:
Ա. Թորոսյանն էլ նշեց, որ ամերիկյան դպրոցներում կան մասնագիտական կողմնորոշման «գծով» մասնագետներ, վերապատրաստման կառույցներ: Նաեւ հավելեց. «Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում արտոնությունները վերաբերում են բոլոր ավագ դպրոցներին: Իսկ ՀՀ-ում ուսումնական հաստատություններ կան, որոնք ունեն տարբեր բուհերի հետ կնքած պայմանագրեր, ինչի համաձայն՝ նրանց աշակերտների մի մասը կարող է անցնել այդ բուհ որոշակի արտոնությամբ, որը անհավասար պայմաններ է առաջացնում, եւ աշակերտները ձգտում են գնալ նման ուսումնական հաստատություններ սովորելու: Այդ հաստատությունները նաեւ խաբում են աշակերտներին՝ չզգուշացնելով, որ արտոնությունը չի վերաբերում բոլորին: Ներկայումս նաեւ խոսակցություններ կան, որ բուհերը նախաձեռնում են ստեղծել ավագ դպրոցներ, որոնք անմիջապես համագործակցելու են բուհի հետ: Դա նշանակում է՝ էապես թուլացնել առանց իրավունքների ավագ դպրոցներին»:
Ըստ Ա. Թորոսյանի՝ ամերիկյան դպրոցից պիտի վեցնենք, օրինակ, այն, որ ուսուցիչը օրենքի առաջ պատասխանատու է իր տված «արտադրանքի», ծնողը՝ սեփական երեխայի ուսման համար: Վերապատրաստումն էլ ՀՀ-ում կազմակերպվածների նման «գալոչկայի» համար չի արվում. վերապատրաստող մասնագետը ուսուցչի հետեւից գնում է դպրոց, ուսումնասիրում, թե որքանով է նա յուրացրել նյութերը, այնուհետեւ եզրակացություններ անում: Ամերիկյան կրթական ախտերից է ոչ միասնական համակարգը, քանի որ յուրաքանչյուր նահանգ ունի իր ուսպլանը, գնահատման համակարգը, ինչից ներկայումս ուզում են ազատվել:
Ամերիկյան ուղեւորության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ օն-լայն դասընթացներ իրականացնել ԱՄՆ տարբեր նահանգների դպրոցների հետ: