Տեսարան Սարի թաղի «երբեմնի անտառից»:
Սարի թաղի 8-րդ փողոցի բնակիչ Սամվել Թովմասյանը:
ԱՄՆ-ում բնակվող սարիթաղցու տուն:
Կրկին անտառ մտա: Ավելի շուտ՝ «երբեմնի անտառ» պիտի ասեի: Քսան տարի առաջ այնքան խիտ անտառ էր այստեղ, որ ընդմիջման ժամին հեռուստաստուդիայից հանգստանալու նպատակով այստեղ գալով, ձգտում էինք չկորցնել արահետը: Առանց բացատ դուրս գալու՝ անհնար էր ներքեւում փռված քաղաքը տեսնել: Իսկ ահա այժմ չկան այն սաղարթախիտ ծառերը, որ խանգարեն տեսնելու Երեւանի համայնապատկերը:
Արդեն իմ առջեւ քաղաքն է՝ իր աղմուկ-աղաղակով, ժխորով, մարդկային բարդ հարաբերություններով: Քիչ անց պիտի ներխրվեմ այդ ամենի մեջ: Ափսոսանքով եմ ետ հայացք ձգում: Գիտեմ, որ շատ բան չտեսա, չբացահայտեցի: Մտովի շատերից ներողություն եմ խնդրում ու լանջով ցած իջնում: Սակայն լանջի լայնքով զուգահեռ փողոցներ են ձգվում, ու վերջին անգամ չխոսել սարիթաղցիների հետ՝ չէի կարող: 10-րդ շարքն անցնելիս դիմեցի սեփական տան շեմին կանգնած 65- ամյա կնոջը.
– Սարի թաղից քաղաք իջնելու ճանապահ կա՞ այս կողմերում:
– Իհարկե, այստեղից ոտքի ճանապարհ կա, երկաթուղի կհասնես: Երկաթուղին հիմա չկա, քանդել են, տեղը ավտոճանապարհ են գցել: Է՜, գնացքի ձենին կարոտել ենք: Հիմա ամբողջ գիշեր ավտոմեքենաների աղմուկ ենք լսում:
– Ո՞նց եք ապրում,- զրույց սկսելու համար իմ ավանդական դարձած հարցից սկսեցի ես:
– Չգիտե՞ք ոնց կարող ենք ապրել,- պատասխանեց Սուսաննա Ղազարյանը,- հինգ հոգով ենք տանը բնակվում, միայն աղջիկս է աշխատում: Թոռս բանակում է, Արմավիրում է ծառայում, բայց չեմ կարողանում այցի գնալ: Քսան հազար դրամ թոշակ եմ ստանում, հազիվ ենք սննդի հոգսը քաշում: Պետհամալսարանի տնտեսագիտականն եմ ավարտել, տարբեր ձեռնարկություններում գլխավոր հաշվապահ, գլխավոր տնտեսագետ, տնօրեն եմ աշխատել: Հիմա մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում: Ամուսինս վերեւում՝ քարերի մեջ մի 200 քառակուսի մետր հողամաս է մաքրել, պտղատու ծառեր տնկել, որ թոռներին խնձոր, ծիրան բերի:
Քիչ անց եկավ ամուսինը՝ Կիմ Սահակյանը:
– Հոնին ծաղկել է,- ասաց 66- ամյա նախկին շինարարը,- միայն թե ձյուն չգա ու բերքը փչացնի: Ի՞նչ անեմ, 16 հազար դրամ թոշակ եմ ստանում…
– Քիչ առաջ լանջն ի վեր բարձրացա: Անտառը չի՞ ջրվում:
– Ոռոգման խողովակները քանդեցին- տարան, սյուներ էին տնկել, էլեկտրականություն քաշել մինչեւ պահակատուն, սյուներն էլ տարան… Հետեւող չկա, տեր չկա… Եթե ոռոգվի, ամենը կկենդանանա:
– Գազի խողովակը ձեր պատշգամբով է անցնում, ինչո՞ւ գազ չեք քաշում:
– Հնարավորություն ունենք՝ չե՞նք քաշում:
Տետրում գրառումներ էի անում, երբ մեզ մոտենացող մի մարդ քննախույզ իմ կողմը նայելով ասաց.
– Կա- չկա՝ ակտ է կազմում:
Կիման դարձավ իմ կողմը.
– Այ, Սամվել Թովմասյանը իսկական զրուցակից է, էնքան բան պատմի…
– Քսան տարի առաջ եմ դուրս եկել հեռուստատեսությունից, կարոտել եմ անտառը, եկա, որ տեսնեմ,- Սամվելին դիմելով՝ ասացի ես:
– Իմ մանկությունը այս անտառում է անցել: Որ աչքերս կապեին՝ կգնայի ծառերի արանքով: Մեր էս թաղի մարդիկ ոչ մի ճյուղ չեն պոկել անտառից, որովհետեւ անտառը սրբություն էր մեզ համար: Նար- Դոսի փողոցի բնակիչները 1992-93 թվականներին հատեցին ու տարան: Իհարկե, էներգետիկ ճգնաժամի հեղինակներն են մեղավորները:
– Անտառը շատ ընտանիքներ փրկեց սառնամանիքից,- ասացի ես,- բայց հիմա քաղաքը պարտավոր է վերականգնել այն:
– Հայրս պատմում էր, որ 1937- ին են հիմնել անտառը: Լավ կլինի, որ քաղաքի մեծամեծերին հուշես, որ տիրություն անեն: Թե չէ՝ ծառատունկին հեռուստացույցով գլուխ են գովում, բայց հետո մոռանում են, որ կարեւորը խնամքն է: Դե որ «Առավոտի» համար ես գրում, մեր թաղի բնակիչները մի խնդիր ունեն: Ճիշտ է, դիմում եմ պատրաստում քաղաքապետարանի համար, բայց լրագրողին պատմելն էլ չի խանգարի: Էստեղ քաղաքային տրանսպորտ չի գալիս: Ստիպված ենք թեքությամբ Չարենցի փողոց իջնել: Իսկ անբարենպաստ եղանակին մեզ շատ դժվար է լինում: Առաջարկում եմ երթուղային տաքսու նոր գիծ բացել: Տեսնո՞ւմ եք փողոցի մաքրությունը: Ամբողջ երեսուն տարի ցեխի մեջ էինք: Շնորհակալ ենք քաղաքապետարանից, եկան, ասֆալտապատեցին, իրենց խոստումը կատարեցին: Մենք էլ պարտքի տակ չմնացինք, ընտրություններին մի մարդու պես քվեարկեցինք: Քաղաքապետը խոստացել է փողոցներում լուսավորություն անցկացնել, որ հիշեցնես՝ քեզ էլ շնորհակալություն կհայտնենք:
– Բայց ես ընտրվելու նպատակ չունեմ, ո՞նց պիտի շնորհակալ լինեք,- կատակով ասացի ես:
– Որ հեռվից տեսնես մեր թաղի լույսերը, քեզ լավ կզգաս: Դա էլ քիչ բան չի: Հա, մի բան էլ. ողջ Սարի թաղում թերթի կրպակ չկա: Երբեմն բերում են ձեռքներին, տնետուն վաճառում: Բայց այդ ձեւը հարյուր տարի առաջ էր:
– Հարյուր տարով ե՞տ եք մնում քաղաքակրթությունից: Սարի թաղում եկեղեցի, գոնե մատուռ չկա, որ մոմ վառեք, աղոթեք, Աստծու հետ խոսեք:
– Ո՞վ է մեր մասին մտածում: Նախագահական ընտրություններին էլ եմ ակտիվ մասնակցել: Մեր թաղում ընտրությունների կազմակերպիչը ես եմ: Փոքրուց էլ սիրել եմ հասարակական գործը:
– Գո՞հ ես ընտրությունների արդյունքից:
– Արտաքին քաղաքականության մասին բան չունեմ ասելու: Դիվանագիտական բարդ խաղերի մեջ ենք մտել: Վտանգ էլ կա մեջը: Բայց երկրի տնտեսությունը խելքի չի գալիս: Երեւանից դուրս կյանքը մեռած է: Բոլոր երեքն էլ կադրային խնդիրներ ունեին լուծելու, չկարողացան: Առանց մարդկանց ըստ իրենց ունակության ճիշտ տեղը դնելու՝ ո՞նց կառավարես, խելքի բերես երկիրը:
– Արմատներդ որտեղի՞ց են:
– Ծնողներս 1932 թ. եկել են Արեւմտյան Հայաստանի Մոկս գավառից: Հայրս՝ Գեւորգ Թովմասյանը, թաղի լիազորն էր: Պատմում էր, որ Աղասի Խանջյանը Անաստաս Միկոյանի հետ 1933- ին Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում բնակիչների հետ հանդիպման եկան, ժողովրդի պահանջով լուծեցին Սարի թաղի խմելու ջրի հարցը: Սարի թաղի հիմնական բնակիչները մշեցի, մոկացի, վանեցի, ալաշկերտցի, բիթլիսցի էին: Հետո Հայաստանի շրջաններից էլ եկան, սովորությունները, կենցաղը խառնվեցին իրար: Հայրս պետությանը հավատարիմ մարդ էր, միշտ ասում էր՝ պատերազմում Ստալինը հաղթեց: Հարեւան տղաների՝ Հուսիկի ու Աղաբեկի հետ ռազմաճակատ մեկնեց, ինքը վերադարձավ, ընկերները՝ ոչ:
Սամվելն ինձ իր տան ձեղնահարկ առաջնորդեց, որտեղից Երեւանի հրաշալի համայնապատկերն էր բացվում:
– Ամռանը օրերս այստեղ եմ անցկացնում:
Վերջապես, նեղ ճանապարհով Արաբկիրի թաղամասից եկող մայրուղուն հասա: Նախկինում այստեղով երկաթուղին էր անցնում, որը մի շարք գյուղերով անցնելով՝ կայարանը կապում էր Երեւանի գործարանների, Չարենցավանի, Հրազդանի, Սեւանի, ապա եւ երկրի հյուսիսի (Դիլիջան, Տավուշ) ու արեւելքի (Զոդ) հետ: Այս երկաթուղու փոխարեն քաղաքը արեւմուտքից շրջանցող երկաթուղի է կառուցվել: Իսկ երկաթգծի փոխարեն վերջին տարիներին քաղաքի Արաբկիր ու Էրեբունի թաղամասերն իրար կապող մայրուղի է անցկացվել:
Մայրուղու մոտ կանգնած տաքսու վարորդ Սարո Մանասյանը, որն այս թաղամասի բնակիչ է, իր պարտքը համարեց տեղեկանալ, թե ինչո՞ւ եմ լուսանկարում:
– Ինչ որ հետաքրքիր է թվում աչքիս՝ լուսանկարում եմ,- պատասխանեցի ես,- իսկ դու հավանո՞ւմ ես նոր ճանապարհը:
– Ո՞ւր է ճանապարհ այստեղ, էն օրը մի ավտո էր փչացել, ճանապարհը մինչեւ Պլանի գլուխ խցանվել էր: Դե թող նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը գար ու յոթ րոպեում ծայրից ծայր անցներ… Մայթ չկա, որ մարդ անցնի: Բնակարանների դռները ճանապարհի վրա են բացվում…
Տների արանքում ծռմռված, տեղանքին հարմարված թթենու մոտ երեխաներ էին խաղում: Նրանք զգացին իրենց ուղղված օբյեկտիվը:
8- րդ շարքում տղաները ավտոմեքենա էին լվանում:
– Երեւի անձնագրի լուսանկար ես անում, հա՞,- դիմեց տղաներից մեկը:
– Իսկ ի՞նչ արժե մի լուսանկարը,- հարցրեց մյուսը:
– Արա, չէ, 02- ի համար է նկարում:
– Չէ, տղաներ, եթե ուզեք, կարող եմ «Առավոտ» թերթի համար լուսանկարել:
– Չէ, ախպեր, չեմ ուզում:
12- ամյա տղայի ձեռքը վիրակապած էր:
– Ի՞նչ է եղել, տղաս,- դիմեցի ես:
– Ընկել եմ,- ասաց տղան:
– Տո չէ, հերն ա խփել- ջարդել տղի ձեռքը:
– Տեսա՞ք, որ վերջը գործ դառավ:
– 02- ի համար լավ նյութ է, չէ՞, ընկեր լրագրող:
– Տղաներ, ընդհանրապես աշխատո՞ւմ եք,- հարցրի ես:
– Մեզանից ոչ ոք չի աշխատում,- պատասխանեց կլոր դեմքով երիտասարդը:
– Իսկ այս շքեղ ավտոմեքենան ո՞ւմն է:
– Արա, որ ասում եմ՝ գործ է բացվելու, չեք հավատում: Հիմա էլ կհարցնես՝ ի՞նչ անաշխատ եկամուտներով ես ավտոմեքենա գնել:
– Չէ, ես էլ մեքենա ունեմ, բայց բենզին չեմ կարողանում գնել,- ասացի ես, ստիպված ոտքով եմ Սարի թաղի փողոցները չափչփում:
– Մենք էլ մեքենան բրթելով տանում ենք մինչեւ խանութ, նույն ձեւով էլ ետ բերում:
– Ի՞նչ ես վաճառում:
– Ո՞ր մեկն ասեմ, մի քանի խանութ ունեմ:
– Լավ, տղաներ, ինչպես երեւում է, Սարի թաղի հումորի զգացումը տեղն է,- ասացի ես,- կարմիր տուֆով կառուցած այս երկու շինություններն ինձ հիացմունք պատճառեցին, փորձեցի բնակիչների հետ զրուցել, չկարողացա:
– Չես էլ կարա: Տերերը Ամերիկայում են բնակվում: Այսպիսի տներ միայն Ամերիկայում ապրողը կարա կառուցի:
– Ուրեմն Ամերիկա է գնացել, բայց հայացքը դեպի ետ է պահում:
– Դժվար է ասել…
Վերջապես դուրս եկա Սարի թաղի ճիրաններից, սակայն մտովի դեռ խոսում էի սարիթաղցիների հետ: Հենց այդ պահին էլ զանգեց կոշկակար Ստեփանն ու խնդրեց հանդիպել իրեն, քանի որ Սարի թաղի մասին նոր բաներ է հիշել:
– Ստեփան ջան, շնորհակալ եմ, բայց հենց նոր Չարենցի փողոց եմ հասել:
– Էլ Սարի թաղ չե՞ս գալու:
– Ճանապարհորդության գործով՝ չէ:
– Ափսոս… նոր բաներ ունեմ պատմելու: Համ էլ նոր բանաստեղծություն եմ գրել:
– Եթե գիրք գրելու լինեմ՝ կգամ:
Քայլեցի դեպի Ռոստոմի փողոցը: Ես ճամփորդությունս Սարի թաղում ավարտված էի համարում, երբ վաղեմի բարեկամս՝ քաղաքապետարանի աշխատակից Գրիգոր Սարիբեկյանը, որը Երեւանին ու նրա պատմությանը քաջատեղյակ է, խորհուրդ տվեց այդ փողոցի անցյալի մասին էլ գրել:
– Այդ փողոցում չլինես՝ հաշվի, որ Սարի թաղում չես եղել,- ասաց նա: