Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի դարձած իմ կինոթատրոն

Մարտ 12,2010 00:00

Արմավիրում գտե՞լ են մեծահարուստին շահագրգռելու ձեւը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցելու ձգձգվող խնդրին: Սակավականաչ քաղաքի ավագանին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու համառությանը տեղի տվեց ու որոշեց եկեղեցու համար 4500 քմ տարածք առանձնացնել մարզպետարանի հարեւանությամբ գտնվող այգում: Հիմա էլ՝ որոշումն ու նախագիծը կան, հաստատվել են, բայց շինարարության համար գումար չկա: Ներդրողներ են փնտրվում: «Առավոտի» տեղեկություններով, շինարարության քարը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը: «Միայն քարով շենք կկառուցվի՞»,- ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Ադամյանը:

Ու քանի որ Արմավիրը եկեղեցի չունի, արմավիրցիներին հոգեւոր սովից փրկելու նպատակով աղոթատեղի է դարձել անշուք ու կիսավեր «Արարատ» կինոթատրոնի շենքը, որը գտնվում է առաջնորդարանի հարեւանությամբ: Բավականին փոքրիկ տարածքը, որտեղ նաեւ խորան է տեղադրվել, արդեն օծվել եւ պաշտոնապես անվանակոչվել է Սուրբ Սարգսի անունով: Այստեղ են հավատացյալներն իրենց աղոթքն անում, մոմ վառում: Նույնիսկ կնունքներ ու պսակի արարողություններ են լինում:

Եկեղեցու անվան ընտրությունը թեմի առաջնորդը թեեւ կապեց երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի հետ, բայց մեր աղբյուրները նկատում են, որ անունը հատուկ է ընտրվել՝ «թասիբի» գցելու համար քաղաքապետի եղբորը՝ մեծահարուստ Սարգսին, որպեսզի ներդրումներ անի եւ կինոթատրոնի շենքն ամբողջությամբ վերաձեւի՝ հոգեւոր շունչ ստացած կառույցը տեսքի բերի:

Սկզբունքորեն դեմ չլինելով որեւէ մեկի կողմից «ժամանակավոր» մատուռ-եկեղեցուն աջակցելու որեւէ նախաձեռնության, Սեպուհ սրբազանը, այնուամենայնիվ, հերքեց սրբավայրի անվան հետ կապված արմավիրցիների մեջ շրջանառվող խոսակցությունները: Իսկ ճարտարապետությամբ եկեղեցի չհիշեցնող, անգմբեթ ու հոգեւոր ներշնչանք չառաջացնող կառույցի մասին էլ ասաց՝ վերափոխումից հետո կունենանք բազիլիկ տիպի եկեղեցի: «Եկեղեցին եկեղեցի է դառնում օծումից հետո»,- հավելեց հոգեւորականը: Սուրբ Սարգիս մատուռ-եկեղեցին նա համարեց ժամանակավոր. «Այնքան էլ ծախսատար չէր, արագ վերափոխեցինք՝ լրացնելու համար քաղաքում առկա հոգեւոր բացը: Ծրագիր ունենք, նախահաշիվ էլ ենք պատրաստել, որպեսզի կինոթատրոնի շենքն ամբողջությամբ վերածենք մատուռ-եկեղեցու»:

Նախագծված, բայց դեռ չկառուցված եկեղեցու մասին խոսելիս սրբազանը աշխատում է կանխատեսումներ չանել: Պարզապես ասաց՝ աշխատելու ենք այնպես անել, որ դա իրականություն դառնա: «Շատ թանկարժեք կառույց է, արժե 1,7 միլիոն դոլար: Եթե որեւէ մեկը ներդրում անելու ցանկություն ունի, հայտարարում եմ՝ թող գա, հայտ ներկայացնի»:

Թանկարժեք եկեղեցու նախագծի մրցույթում հաղթողը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի շրջապատից է: «Մրցույթին մասնակցել են 10-15 հոգի. փակ քվեարկություն է եղել, լավագույնը ճանաչվել է քաղաքապետի սանիկի ներկայացրած նախագիծը: Հիմա ի՞նչ անենք, որ նա է շահել, մերժե՞նք…»,- ասաց Սեպուհ սրբազանը:

Վերափոխված մատուռ-եկեղեցում մեր այցելության պահին միայն պահակն էր ու մոմավաճառը: Վերջինիս՝ Հրանուշ Մամիկոնյանի համար միեւնույն էր, թե Աստծո հետ հաղորդակցվելու վայրն ինչ տեսք եւ աուրա կունենա. «Ի՞նչ կարեւոր է, որ սա նախկինում կինոյի շենք է եղել: Որտեղ մաքրություն կա, կինոն ոչինչ անել չի կարող»,- իր կարծիքը կիսեց մոմավաճառ կինը, ում համար գլխավորը հոգու փրկությունն է:

Հ. Գ. Արմավիրը ոչ միայն եկեղեցի, այլ նաեւ կինոթատրոն չունի: Քաղաքի երկրորդ կինոթատրոնն էլ վաղուց դարձել է հացի փուռ: Սեփականատերը ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբն է, ով քաղաքապետ դառնալու ցանկություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել