Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵԿԵՏ ՊԵՏԱԿԱ՞Ն ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մարտ 12,2010 00:00

\"\"Ըստ գործարարի՝ Ղարաբաղի ԱԺ փոխնախագահը հալածում է իրեն, վերջինս հերքում է այդ հայտարարությունները եւ պնդում, որ կդիմի դատարան:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից եղբայրներ Ռոբերտ, Ռուդիկ, Ռոման Բաղդասարյաններից Ռոմանը, նրա մայրը՝ Ալվարդ Աթալյանը եւ մորեղբայրը՝ Կամո Աթալյանը, հույսները կտրած Լեռնային Ղարաբաղի արդարադատությունից, Հայաստանում են արդարություն որոնում:

Պատերազմից հետո Ռոմանը մորեղբոր հետ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու: 2007-ին նրանք ընդունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ռուդիկ Ուսնունցի առաջարկը եւ Ղարաբաղում ջերմոցային տնտեսություն հիմնելու գործը սկսում: Ուսնունցի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն, Բադդասարյանները ներդնում են 120 հազար դոլար, Ուսնունցը խոստանում է հավելել եւս 300 հազար, աշխատանքները իրականացվում են Ուսնունցի կնոջ անունով գրանցված «Տիգրանակերտ» ՍՊԸ անունից: Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհի՝ պեղվող Տիգրանակերտի մատույցներում, ամայի տարածության վրա սկսվում է ջերմոցի կառուցումը: «Մենք անտեղյակ էինք գներին, բիզնես-պլանը կազմել էինք Երեւանում, բայց Ղարաբաղում պարզվեց, որ աշխատուժը թանկ է, տեխնիկան թանկ է, ամեն ինչն էլ թանկ է, եւ մեր 120 հազարը ծախսելուց հետո ջերմոցը ավարտին չէինք հասցրել, իսկ Ուսնունցը ոչ միայն չէր շտապում ներդնել իր խոստացած 300 հազարը, այլեւ հայտարարեց, որ մեզ օգնել չի կարող: 2008-ի հունիսին արդեն ֆինանսի կարիք էինք զգում ու մինչեւ օգոստոս Ուսնունցին խնդրում-առաջարկում՝ իր խոսքը կատարել: Հոկտեմբերին ասաց, որ վարկ է վերցրել՝ 31 միլիոն դրամ: Ասաց, որ գրավադրել է Ասկերանի շրջանի իր անասնապահական ֆերման, հետո իմացանք, որ մեր ջերմոցն է գրավ դրել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ալվարդ Աթալյանը: Վարկը վերցնելուց հետո էլ Ուսնունցը հայտարարել է, թե չի կարողանում ողջ գումարը հաշվից հանել ու ամեն անգամ պահանջվող գումարից քիչ գումար է տվել: Այս ձգձգումների արդյունքում ջերմոցի շինարարությունն էլ է երկարել, Բաղդասարյանները որոշել են հրաժարվել Ուսնունցի հետ համագործակցությունից: Երկու նամակ են գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ պատասխան չեն ստացել: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել են Բակո Սահակյանին եւ պարզել, որ նամակները տեղ չեն հասել: Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին հանձնարարել է զբաղվել հարցով, սա էլ՝ Ռուդիկ Ուսնունցին կարգի է հրավիրել ու խոստացել, որ էլ խնդիրներ չեն լինի: Բաղդասարյանները որոշել են նոր ՍՊԸ հիմնել՝ «Ալվարդ գրուպ»: Ընկերության գրանցումը, չգիտես ինչու, տեւում է երեք ամիս: Ռուդիկ Ուսնունցն էլ հանգիստ չի տալիս, հրահանգում է, որ անջատեն ջերմոցի էլեկտրաէներգիան: «Շինարարության ժամանակ անգամ մեխ չէր կորչում, բայց հանկարծ սկսեցին ջերմոցից կորչել մետաղյա եւ պլաստիկ խողովակներ, ապակիներ կոտրվել: Ասում էին՝ քամին է կոտրել, բայց հասկանալի չէ, թե ինչպես քամին կոտրեց եւ կողային պատի, եւ դիմացի պատի ապակիները, այն էլ՝ ընտրովի»,- պատմում է Ալվարդ Աթալյանը:

Ռուդիկ Ուսնունցի համառ ու չմարող հալածանքներից հետո «Ալվարդ գրուպի» սեփականատերերը կարծում են, որ Ուսնունցի թիկունքին կանգնած են հենց ԼՂՀ նախագահն ու վարչապետը: Որովհետեւ նրանց միջամտությունից հետո Ուսնունցը ոչ միայն չի դադարեցնում հալածանքները, այլեւ նորերն է նախաձեռնում: Գործարարները դիմում են ԼՂՀ կառավարությանը եւ 48-50 միլիոն դրամ ֆինանսական օգնություն խնդրում՝ 17 միլիոնը Ուսնունցին տալու, մնացածով՝ ոտքի կանգնելու, գործը սկսելու համար: Վարչապետի աշխատակազմից Արթուր Պետրոսյանը «Ալվարդ գրուպին» ասում է, որ կարող են տալ մոտ 25 միլիոն: «Մեզ ստիպում էին, որ բանկից վարկ վերցնենք: Ի վերջո, գործը հասավ դրան: Իսկ Ուսնունցը մի քանի հոգու հետ մեզ սպառնում էր, թե հարցը կլուծի՝ ոնց ուզի, պետք լինի՝ կրիմինալի օգնությամբ: Ասում էր, կուզեմ՝ 25 միլիոն ձեզանից կվերցնեմ: Բայց պիտի տայինք ընդամենը 17 միլիոն, որից էլ միայն 6-7 միլիոնն էր փաստաթղթով: Ի վերջո, բազմաթիվ սպառնալիքներից հետո՝ 2009-ի նոյեմբեր-դեկտեմբերին ստացանք 40 միլիոն դրամ վարկ, Ուսնունցի հաշվապահին տվեցինք 21 միլիոն դրամ, մնացած 19 միլիոնով փակեցինք պարտքերը, հիմա ջերմոցը չի աշխատում, ամսական 200 հազար դրամ պետք է մուծենք բանկին, չենք կարողանում, բանկն էլ որոշել է դիմել դատարան»,- պատմեց Ալվարդ Աթալյանը:

Բաղդասարյան-Աթալյանները, ճարահատ, որոշում են վաճառել ջերմոցը եւ հեռանալ: Պատրաստ են անգամ 83 միլիոն դրամ գնահատված ձեռնարկությունը վաճառել 52-53 միլիոնով, բայց արդեն չորս հաճախորդ են կորցրել: Երբ պոտենցիալ գնորդը տեղեկանում է, որ ջերմոցի հետ առնչություն ունի Ռուդիկ Ուսնունցը՝ հեռանում է: Ղարաբաղում խոսում են, որ Ռուդիկ Ուսնունցը նախքան այս պատմությունը՝ ուրիշ գործարարների հետ էլ է նման ձեւով վարվել, խոստացել, հետո կատարված փաստի առաջ կանգնեցրել եւ արանքում՝ օգուտ ստացել:

«Պատերազմին մասնակցելուց, արյուն թափելուց հետո, մեր երկիրը շենացնելու, աշխատատեղեր ստեղծելու մեր նախաձեռնություններում հանդիպել ենք որոշ իշխանավորների անբարեխիղճ վերաբերմունքին եւ «իզգոյ» ենք դարձել մեր երկրում»,- ամփոփեց Ալվարդ Աթալյանը:

Այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Ուսնունցից: Պարոն Ուսնունցն ասաց, որ Բաղդասարյան-Աթալյանների ասածները հերյուրանքներ են, եւ ինքը մտադիր է նրանց դեմ դատական հայց ներկայացնել: «Ես այդ մարդկանց չեմ ճանաչել, եկել էին, որ Ղարաբաղում վերաբնակվեին, ես էլ որպես ղարաբաղցի՝ ամեն ինչ արել եմ, որ Ղարաբաղում եւս մի ընտանիք ավելանա: Ես նրանց հետ թղթային ոչ մի պայմանավորվածություն չունեմ, բայց ամեն ինչ արել եմ, որ ջերմոցը կառուցվի, հող եմ տվել՝ շենք-շինություններով: Երբ իրենց գումարը չի բավականացրել, վարկ եմ վերցրել եւ 21 միլիոն դրամ իրենց տվել»,- հայտարարեց Ռուդիկ Ուսնունցը: Ըստ պարոն Ուսնունցի, երբ վեճ է ծագել, ԼՂՀ կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը ուսումնասիրություններից հետո որոշել է, որ Բաղդասարյան-Աթալյանները պետք է Ուսնունցին վերադարձնեն նրա տված գումարները, «բայց հողը, շենք-շինությունները մնացել են նրանց: Թող աշխատեին: Ես նրանց հետ նույնիսկ մեկ կգ բերք չեմ կիսել, այդ մարդիկ փորձանք են դարձել մեր գլխին»: Իսկ ջերմոցի վաճառքը ամեն կերպ խոչընդոտելու մասին էլ Ռուդիկ Ուսնունցը ասաց. «Ջերմոցը ինձ հետաքրքիր չի: Եվ հետո այսօր ո՞վ կարող է 40 միլիոն ազատ միջոց գտնել ու դնել գործի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել