Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաներումս «վաճառեցին»

Մարտ 12,2010 00:00

Մեծարգո նախագահ, ճարահատված անձամբ Ձեզ եմ դիմում, որպեսզի գոնե Դուք լիարժեք պատասխանեք՝ ե՞րբ պետք է վերջապես վերանան այս անարդարություններն ու բռնությունները, մինչեւ ե՞րբ պետք է ոտնահարվեն մեր իրավունքները: Մեծարգո նախագահ, հիշեք եւ մի մոռացեք, որ նման բռնություններով իրավական պետություն չի կառուցվի, նման քայլերով Հայաստանը առաջ չի գնա, այլ կկործանվի: Մեր պապերից ժառանգած այս մնացած փոքր հայրենիքում հայ բազմաչարչար եւ տառապած ազգը չի կարող կերտել իր ապագան, շատ ավելին կարող եմ մանրամասնել: Հուսով եմ, որ Դուք այդ բոլորը շատ լավ գիտակցում եք:

Խնդիրը հետեւյալն է. ինձ Երեւանի քրեական եւ վերաքննիչ դատարանները կեղծ եւ շինծու մեղադրանքով ՀՀ ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասով (բջջային հեռախոս իբր հափշտակելու) դատապարտել էին 2,5 տարի ազատազրկման: Ես օրենքի հաջորդականության սահմանված կանոնակարգը չխախտելով՝ բողոքարկել էի վճռաբեկ դատարան, որտեղից էլ անհեթեթ պատճառաբանությամբ իմ բողոքը մերժվել է: 2009 թ. հունիսի 19-ի հրամանագրով հայտարարված համաներումը, որը լիովին պետք է կիրառվեր իմ նկատմամբ, տարբեր բառախաղերի պատճառով չկիրառվեց: Կարող եմ վստահորեն ասել եւ ապացուցել, որ համաներումս վաճառեցին՝ առանց պատասխանատվության զգացումի: Ես համբերությամբ սպասեցի իմ պայմանական վաղաժամկետ ազատմանը: 2009 թ. հոկտեմբերին հիմնարկի ղեկավարությունը ինձ որպես օրինավոր դատապարտյալի ներկայացրեց պայմանական վաղաժամկետ ազատման, իսկ նոյեմբերին կայացած Անկախ հանձնաժողովի նիստից հետո մերժեց, զրկելով գոնե օգտվելու այդ իրավունքից, որի անարդարացի որոշման դեմ ես անժամկետ հացադուլ հայտարարեցի եւ դիմեցի անձամբ Ձեզ: 15 օր գտնվելով հացադուլի մեջ, ինձ ընդունեց անկախ հանձնաժողովի անդամ Երանոսյանը եւ ամենայն պատասխանատվությամբ խոստացավ, որ ես դադարեցնեմ հացադուլը, քանի որ 3 ամիս հետո օրենքի սահմանված կարգով ինձ կներկայացնեն եւ կազատեն:

Այս տարվա մարտի 1-ին հիմնարկում կայացած ադմինիստրացիայի նիստում ինձ մերժեցին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից եւ պատճառաբանեցին, որ ինչում ինձ մեղադրել էին՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել: Եթե ես չեմ կատարել հանցագործություն, անունը ի՞նչ դնեմ, որ ինձ մեղավոր ճանաչեմ կամ եթե այդպես էր, ինչո՞ւ 3 ամիս առաջ ներկայացրին ազատման: Այժմ ես ստիպված դիմել եմ ծայրահեղ միջոցի եւ անժամկետ հացադուլ եմ հայտարարել, որը կդադարեցնեմ այն ժամանակ, երբ անձամբ կստանամ արդար եւ լիարժեք պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել