Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ

Մարտ 12,2010 00:00

Անուղղակի՞, թե՞ ուղղակի դիտավորություն

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը:

«Ազատամտություն» թերթում պատգամավորին վիավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում: Սակայն քննիչ Աշոտ Մխիթարյանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացվել է որոշում՝ քրեական գործ չհարուցելու մասին: Քննիչի եւ դատախազի կողմից հաստատված այդ որոշումն էլ վիճարկում է պատգամավորը՝ հանձին իր ներկայացուցչի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանի:

Երեկ դատարանում ընթացող վերջին դատական նիստին հետեւեցին ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը ճիշտ չի գնահատել կատարվածը, լրատվամիջոցի ուղղակի դիտավորությունը չի տեսել, հրապարակումների մեջ վիրավորական արտահայտություններն ու պատգամավորի մերկ լուսանկարը զետեղելը գնահատել է իբրեւ մասնագիտական գործունեության նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում:

«Վարույթն իրականացնող մարմինը անհասկանալի հիմքերով եզրակացություն է արել: Մինչդեռ հրապարակման արտահայտություններն ու նկարը գնահատականի տարր չեն պարունակում եւ կապ չունեն պատգամավորի մասնագիտական գործունեության գնահատման հետ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Վերջինս նաեւ հայտնեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը սխալ քրեաիրավական գնահատականը շարունակի տալ, սխալ մեկնաբանեն կատարվածը, ապա իրենք էլ այս գործին առնչված պաշտոնատար անձանց մասնագիտական գործունեությունը կգնահատեն նույնկերպ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Սերգեյ Աբրահամյանը «մեղմ» զայրացավ, ասելով. «Դատարանում ճիշտ չէ, որ խոսում են շանտաժի լեզվով»:

Նա ասաց նաեւ, որ այս գործով նկատի չեն ունեցել Փոստանջյանի անձը, այլ՝ փաստական հանգամանքները:

Դատաքննությունն ավարտվեց, եւ դատավոր Գայանե Կարախանյանը մտավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարկվի մարտի 26-ին, ժամը 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել