Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ «ՄՐԳԱՁՈՐԸ»

Մարտ 12,2010 00:00

Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովը ամփոփել է այս տարվա փետրվարի 26-ին կայացած Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան՝ թափուր երթուղագծերի մրցույթի արդյունքները:

Առաջին 2 եւ Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան, ինչպես նաեւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիներն այսուհետեւ սպասարկելու է «Մրգաձոր» ընկերությունը, ապահովելով բարձր գնահատականներ: Մրցույթին մասնակցող «Ֆրանս պարկ» ընկերությանը չի ներկայացվել հիմնական տրանսպորտային միջոցը, չնայած նրան, որ կրկին բարձր գնահատականներ է ստացել մեքենաների համար: Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել նոր առաջարկներ ստանալ ընկերության կողմից: Իսկ Կապան-Երեւան-Կապան երթուղին տրամադրվել է «Լավ ընկեր» ընկերությանը:

«Չեմ կարող դատել, իսկապես արդա՞ր էր մրցույթը, թե՝ ոչ, սակայն կարծում եմ, որ Մեղրի-Ագարակ երթուղու համար մեր ներկայացրած գոնե մեկ ավտոբուսը պետք է հաղթեր, քանի որ այն նոր էր, մեր առաջարկած գինն էլ մատչելի էր՝ 5000 դրամ»,- մեր խնդրանքով մեկնաբանելով մրցույթի ամփոփումը, նման կարծիք հայտնեց «Ֆրանս պարկ» ընկերության գործադիր տնօրեն Աննա Անտոնյանը:

Մենք մրցութային հանձնաժողովում ընդգրկված Գագիկ Սարոյանից հետաքրքրվեցինք, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն կարծիքը, որ իրենք փորձել են «Մրգաձոր» ընկերության գնահատականները իջեցնել, որպեսզի երթուղագծերը տրամադրվեն «Լավ ընկերին», նա պատասխանց. «Որտեղի՞ց իմացան գնահատականները, որ հետո էլ մենք դրանք իջեցրինք: Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»: Նշենք, որ այս մասին օրերս տեղեկատվություն էր տարածել լրատվամիջոցներից մեկը՝ նշելով նաեւ, որ «Լավ ընկերի» հովանավորը նախագահական ապարատից է:

Հիշեցնենք, որ մրցույթն անց էր կացվել Հյուսիսային ավտոկայանում եւ «Ֆրանս պարկ» ու «Մրգաձոր» ընկերությունները իրար մեղադրում էին մրցույթի պահանջները չբավարարելու մեջ: «Ֆրանս պարկի» գործադիր տնօրեն Աննա Անտոնյանը հավաստիացնում էր, որ «Մրգաձորը» մրցույթին ներկայացրել է ուրիշ ընկերության պատկանող մեքենաներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել