Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղապետերն ընդդեմ կառավարության

Մարտ 12,2010 00:00

Անիի տարծաշրջանի 22 000 ազգաբնակչությանը զրկում են միակ հիվանդանոցից

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության N1052 որոշման համաձայն, մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը նախատեսված է փակել Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը, որը 70 տարի սպասարկում է 17 համայնքի ազգաբնակչությանը: Այն գտնվում է Գյումրի-Երեւան մայրուղու վրա ու հատկապես ծառայում է ավտոպատահարներից տուժածներին: Հիվանդանոցից ստացած տվյալների համաձայն, միայն անցած տարի իրենց հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 57 մարդու կյանք: Այս տարին էլ դեռ չսկսված՝ 8 այդպիսի դեպք է գրանցվել: Թե ո՞րն է հիվանդանոցը փակելու պատճառը, այս մասին բուժանձնակազմի ու պաշտոնյաների ներկայացրած պատճառաբանությունները խիստ տարբեր են:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պարզաբանում է. «Մենք այնտեղ օպտիմալացում ենք անցկացրել, երկար ժամանակ ուսումնասիրելով, քանի որ հիմնարկը չի կարողանում ինքն իրեն ֆինանսավորել, պարտքեր են գոյանում: Դրա համար ուսումնասիրությունից եւ մարզի ու հիվանդանոցի ղեկավարության հետ քննարկելուց հետո որոշվեց օպտիմալացնել: Եթե դուք ասում եք՝ ճանապարհի վրա գտնվող հիվանդանոց է եւ պատահարներ են լինում, ապա մենք իրենց նոր շտապօգնության մեքենա ենք տրամադրել, որպեսզի, եթե կարիք լինի, տեղափոխենք Գյումրիի կենտրոնական հիվանդանոց»: Սակայն նախարարի այս խոսքերի հետ համաձայն չէ բուժանձնակազմը, ըստ նրանց, սա հապշտապ որոշում է, որը կատարվել է առանց լուրջ ուսումնասիրության. ավելին, հիվանդանոցը փակելու գործում կա շահագրգռված պաշտոնյա: Հիվանդանոցի վիրաբույժ Գրիգոր Խաչատուրյանցը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ այս հիվանդանոցի մահճակալների թիվը դիտավորյալ են կրճատել, որպեսզի իրենք չկարողանան ֆինանսական հարցերից գլուխ հանել՝ այսպիսով փակուղու մեջ դնելով ստացիոնար բաժանմունքի գործունեությունը: «1 մահճակալի համար հատկացվող գումարը 95 800 դրամ է, իրենք փող չտալու համար 3 հիվանդին խցկում են մի մահճակալի մեջ: Եթե մենք անգամ հազար տոկոսով աշխատենք, մինչեւ պետական հոգածություն չլինի, այս պահին չենք կարողանա գլուխ հանել: Մենք 4 միլիոն պարտք ունենք, բայց դա մի էական գումար չէ հսկա հիվանդանոց փակելու համար: Եթե ցանկություն լինի, անպայման այս բուժհաստատությունը ոտքի կհանեն: Բայց ես կարծում եմ, որ սա կազմակերպված գործ է: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը արդեն իսկ հայտնել է, որ ապրիլի 1-ից հիվանդանոցը կփակվի, ու այս հարցը այլեւս քննարկման ենթակա չէ: Մենք, իհարկե, նամակներ ենք հղել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանին»,- ասաց վիրաբույժը: 17 համայնքապետ բողոք-նամակ էր հղել վարչապետին, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը հայտնեց, որ իրենք վարչապետից խնդրել են վերանայել կառավարության որոշումը ու միջամտել՝ հարցին ճիշտ լուծում տալու: «Վերջապես խոսքը 22 հազար ազգաբնակչության մասին է, մեր ժողովուրդը տագնապի մեջ է, գրեթե ամեն օր ես արձագանքներ եմ լսում այս թեմայով: Բացի այդ, խոսքը այն բուժհաստատության մասին է, որ փրկում է ավտովթարներից տուժած մարդկանց, որոնց կյանքը մազից է կախված: Եվ եթե նկատի ունենանք, որ այս ճանապարհը դառնալու է համամիութենական, այստեղով անցնելու է Բաթում-Թեհրան ուղին, այն արագ երթեւեկելի ճանապարհ է լինելու, որից օգտվելու են տարբեր պետություններ, ապա ճանապարհի վրա գտնվող հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը փակելն անիմաստ Է դառնում»,- ասաց Ա. Գեւորգյանը: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ գործնական քայլեր են պատրաստվում անել համայնքապետերը, գուցե բյուջեից գումար հատկացնեն ու հիվանդանոցի 4 միլիոն պարտքը փակե՞ն: Քաղաքապետը փոխանցեց, որ իրենք սպասում են կառավարության արձագանքին, եթե այն դրական լինի, իրենք ամեն ինչով օժանադակելու են եւ այդպիսի ներդրում կատարելու մտադրություն իրոք ունեն:

Ըստ քաղաքապետի, հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքն այս պահին այնքան էլ վնասով չի աշխատում, ինչը նշանակում է՝ կառավարության որոշումը պետք է վերանայել. «Եթե վնասով են աշխատել, դրա համար հազար ու մի պատճառ կա, բայց միայն այն փաստը, որ հիվանդանոցը վերազինված չէ տեխնիկայով, սա կարող է լուրջ պատճառ լինել: Հիվանդանոցը երկար տարիներ մի նորմալ շտապօգնության մեքենա չուներ, հիմա նորը ստացել են ու կարող են ծանր հիվանդներին իրենք սպասարկել»: Գյումրիի հեղինակավոր բժիշկներն էլ կառավարությանն ընդամենը հիշեցնում են, որ երկրաշարժի ժամանակ Մարալիկի հիվանդանոցը ամենածանրաբեռնվածն էր. Գյումրիում հիվանդանոց չէր մնացել, իսկ հազարավոր մարդկանց կյանք հաջողվում էր փրկել միայն այս հիվանդանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել