Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՋԸ ԿՏՐԵԼ Է

Մարտ 12,2010 00:00

Սակայն դա էլ չի օգնել, որպեսզի քաղաքացու հարցը լուծվի

ՀՀ իշխանությունների գործելակերպից տուժած քաղաքացիներն իրենց բողոքներին արդարացի լուծումներ չստանալով, ստիպված ծայրահեղ միջոցների են դիմում. հացադուլ կամ նստացույց են անում, ինքնահրկիզվում են եւ այլն: Երեւանի բնակիչ Վալենտինա Զաքարյանն էլ, սպառելով բոլոր իրավասու մարմիններին դիմելու իր փորձերը, ստիպված է եղել ժամերով սպասել հանրապետության նախագահին ու նրա ծառայողական մեքենայի առաջը կտրելով՝ փորձել է իր նամակն անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքը հանձնել: Տիկին Վալենտինայի պատմելով, ճիշտ է, նախագահը չի լսել կնոջը, բայց աշխատակազմին հրահանգել է զբաղվել նրա խնդրով: Այս հանգամանքը Վ. Զաքարյանին փոքր-ինչ հույս է ներշնչել, որ վերջապես իրեն կլսեն եւ արդարությունը կվերականգնվի, սակայն նախագահականի աջակցությունը եղել է այն, որ տիկնոջ դիմումը մակագրվել է Երեւանի քաղաքապետարանին, այսինքն՝ այն հիմնարկին, որից տիկին Վալենտինան արդեն մի քանի տարի բողոքում է:

Ըստ Վ. Զաքարյանի, քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչերին նոր բնակարաններ տրամադրելու գործընթացը մի շարք չարաշահումներով է իրականացնում: Կառավարության 682 որոշման համաձայն, վթարայինում բնակվողներին տրամադրվում է մեկ այլ բնակարան՝ նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվով, բայց ոչ ավելի, քան ՀՀ բնակարանային օրենսդրության նորմերն են: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին վթարայինում զբաղեցրել է 3 սենյակ, ապա, որպես փոխհատուցում, նրան պետք է նոր շենքում հատկացվի կրկին 3 սենյակ, անկախ բնակվող անձերի թվից: Սակայն քաղաքապետարանը, հաշվի չառնելով կառավարության որոշումը, բազմաթիվ քաղաքացիների, որոնք զբաղեցրել են 3 սենյակ, տրամադրել է ընդամենը 1 սենյակ, իսկ նրանք, որոնք ընդամենը 1 սենյակ են ունեցել, քաղաքապետարանը տրամադրել է 2 կամ 3 սենյակ: Քաղաքապետարանը Ֆուչիկի թիվ 10 վթարային շենքի բնակիչ Վ. Զաքարյանին բնակարան է տրամադրել՝ 3 սենյակի փոխարեն՝ 1 սենյակ:

Ըստ տիկնոջ, քանի որ քաղաքապետարանը կառավարության որոշումը հաշվի չի առնում՝ ինքը հրաժարվել է պայմանագիր կնքել. «Վթարայինից մեզ այնպես վռնդեցին, կարծես հանցագործներ լինեինք: Մինչեւ հիմա բնակվում ենք ծանոթ-բարեկամների տանը: Իմ 3 սենյակի փոխարեն՝ 1 սենյակ են տրամադրում, պատճառաբանելով՝ իբր որդիս մի քանի տարի Հայաստանում չի եղել, բայց փաստացի գրանցված է եղել Ֆուչիկի 10 հասցեում: Ախր կառավարության որոշման մեջ ոչ մի նման բան չկա գրված: Քաղաքապետարանը ինչ ուզում՝ անում է: Պատճառաբանում են, իբր սա ոչ թե տեղափոխում է, այլ նոր բաշխում»:

Վ. Զաքարյանի մի շարք դիմումներին ի պատասխան, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը պատասխանել է, որ տիկնոջը 3 սենյակի դիմաց տրամադրվում է 1 սենյակ: Ուշագրավն այն է, որ նախկին քաղաքապետը նման պատասխան է տվել, հիմք ընդունելով կառավարության 682 որոշումը, որտեղ նշված է, որ զբաղեցրած սենյակների քանակին համապատասխան սենյակներ պետք է տրվեն: Այս պատասխանից դժգոհ, տիկինը կրկին դիմել է քաղաքապետարան ու հենց մուտքի մոտ հանդիպելով Երվանդ Զախարյանին, փորձել է իր բողոքը ներկայացնել: Պարոն Զախարյանը խոստացել է դիմումին ծանոթանալ եւ զբաղվել, սակայն 1 ամիս հետո Ե. Զախարյանը պաշտոնից հեռանում է՝ վթարայինի բնակիչների բողոքները «սառույցին գրելով»:

«Առավոտը» (04.08.2009) «3 սենյակի դիմաց՝ 1 սենյակ» հրապարակմամբ անդրադարձել էր Շինարարների թիվ 14 շենքի խնդրին: «Առավոտի» (04.07.08) «Մաղարիչո՞վ են բաշխել» հրապարակման մեջ էլ նախկին քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը վստահեցրել էր, որ վթարային շենքի վերաբնակեցումը պետք է կատարվի ըստ 2000 թվականի թիվ 682 որոշման: Դեռեւս նախորդ տարի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր անդրադառնալ վթարային շենքերի փոխհատուցման խնդրին («Առավոտ», 04.08.2009): Սակայն վերջերս մեզ կրկին դիմել էին Շինարարների թիվ 14 եւ Ֆուչիկի թիվ 10 վթարային շենքերի բնակիչները: Նրանց խոսքերով՝ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց խոստումը չեն կատարել եւ մինչ օրս ոչ մի պատասխան չեն տվել բնակիչների դիմումներին: Բնակիչների վերջին հույսը ՀՀ վարչապետն է, ուստի նրան էլ են նամակ ուղարկել: Վթարայինի բնակիչների պատմելով՝ ժամանակին Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ընդունվեց 682 որոշումը, որն այնպես է կազմված, որ չինովնիկները ոչ մի խախտում չկարողանան կատարել, բայց, միեւնույն է, բացահայտ խախտումներ են անում ու ոչ էլ պատասխանատվության են ենթարկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել