Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԳԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Մարտ 12,2010 00:00

\"\"Այս տարի կանգառատեղիները կավելանան

Եթե նախորդ տարիներին կանգառասրահները գողացվում էին ու որպես մետաղի ջարդոն հանձնվում, ապա վերջին տարիներին պարզապես ապամոնտաժվում են: Ազատության 25 հասցեում գտնվող կանգառասրահն էլ նախորդ տարի ապամոնտաժվեց, հիմա դրանից հիշատակ է մնացել միայն ծռմռված նստարանը: Ի դեպ, հենց Արաբկիրի թաղապետարանի կողմից ապամոնտաժված կանգառասրահի մասին թաղապետարանում ոչինչ չգիտեին, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի քաղաքապետարան:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գասպարյանն ասաց, որ վերոնշյալ հասցեում կանգառասրահի անհետացումը վթարի հետեւանք է. «Արաբկիրի թաղապետարանից մի բեռնատար մեքենա էր հարվածել դրան ու այն ամբողջովին շարքից դուրս էր եկել, եւ քանի որ մեղավորն իրենք էին՝ իրենք էլ ապամոնտաժեցին այն՝ վերականգնելու նպատակով»: Պարոն Գասպարյանը դժվարացավ ասել, թե երբ կվերանորոգվի ու նոր կանգառասրահ կտեղադրվի այդ հասցեում, միայն հավաստիացրեց, որ մայրաքաղաքում ապամոնտաժված կամ գողացված այլ կանգառասրահներ չկան. «Կան տեղափոխված կանգառասրահներ, քաղաքապետարանի կանգառասրահն ենք տեղափոխել ավելի վերեւ, նույն կերպ ենք վարվել նաեւ Ձկան խանութի առջեւի կանգառասրահի հետ, որովհետեւ երբեմն սխալ տեղերում են տեղադրված եւ ճանապարհային երթեւեկության հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացնում, օրինակ՝ քաղաքապետարանի շենքի առջեւ տեղադրվածը փակում էր աջ կողմը, այսինքն՝ այն վարորդները, ովքեր պետք է աջ թեքվեին, պետք է կամ կանոնները խախտեին՝ ուղիղ գոտուց մտնեին աջ եւ տուգանվեին, կամ էլ այնքան երկար պետք է սպասեին, մինչեւ տրանսպորտի միջոցներն ազատեին կանգառատեղիները»: Պարոն Գասպարյանն ասաց, որ անհարմար վայրերում տեղադրված արդեն երեք կանգառասրահ է տեղափոխվել, քաղաքի կենտրոնում գտնվող եւս երկուսն էլ կտեղափոխվի առաջիկայում:

Պարոն Գասպարյանը նաեւ ասաց, որ կանգառասրահների տեղադրումը սկսվել է դեռեւս 4 տարի առաջ. «Յուրաքանչյուր կանգառասրահ արժեցել է 1 մլն 250 հազար դրամ, այս գումարի մեջ է մտնում կանգառասրահ պատրաստելը, տեղադրելը, կահավորումը, գծանշումը, այսինքն՝ վերջնական տեսքով հանձնելու համար նախատեսված ամբողջ աշխատանքը»: Նրա խոսքով, այս տարի չի նախատեսվում Երեւանում նոր կանգառասրահների տեղադրում, բայց բավականին աշխատանք ունեն կանգառատեղիների կահավորման առումով. «Այս տարի քաղաքի մի շարք հատվածներում նախատեսել ենք կանգառներ սահմանել, որպես կանգառի նշման տեղ տեղադրվելու են ցուցատախտակներ՝ կանգառի սահմանման եւ ճանապարհային այլ նշաններով, կլինեն նաեւ համապատասխան գծանշաններ, կանգառատեղիների քանակի առումով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ կազմակերպչական աշխատանքները դեռ ուսումնասիրության փուլում են, բայց վստահորեն ասեմ, որ քաղաքում հիմա ինչքան կանգառատեղի կա, մոտ այդքան էլ այս տարի կավելանա»:

Մեր զրուցակցի խոսքով, վերջին անգամ Երեւանում կանգառասրահ տեղադրվել է 2008-ին, արժեքը ավելի բարձր է եղել. նա նաեւ չբացառեց, որ եթե հաջորդ տարի էլ նախատեսեն կանգառասրահների տեղադրում՝ ավելի թանկ կարժենա. «Գները փոփոխվում են»: Պարոն Գասպարյանն ասաց, թե ցանկալի է ու ամեն ինչ արվում է, որ կանգառատեղիները հնարավորինս մոտ գտնվեն հետիոտնային անցուղիներին. «Բայց կան տեղեր, որտեղ նման հնարավորություն չկա, որովհետեւ մեկը մյուսից անկախ է, մենք հաշվի ենք առնում նաեւ կանգառատեղիի առավել անվտանգ վայրերը»: Մեր զրուցակիցը նաեւ պարզաբանեց՝ անցուղիները լինում են կարգավորվող ու չկարգավորվող, առաջիններն ունեն լուսացուցային կարգավորում, երկրորդները չունեն. «Երկրորդ դեպքում մեքենաները պետք է կանգնեն, մինչեւ հետիոտնը անցնի ճանապարհը, կանգնել-չկանգնելու ժամանակ է խնդիր առաջանում, պետք է արձանագրեմ, որ վարորդների շրջանում աստիճանաբար ձեւավորվում է կանգնելու եւ ճանապարհը հետիոտնին զիջելու կուլտուրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել