Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՆԺԱՐՆ Է ԱՎԵԼԻ ԾԱՆՐ

Մարտ 12,2010 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ եթե կշեռքի նժարին դրվեն մի կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարի սպառնալիքները, որ եթե ԱՄՆ նախագահն օգտագործի «ցեղասպանություն» բնորոշումը, ապա կսառեցնեն մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին 1,2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրն ու հրթիռների վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաեւ կսահմանափակեն Իրանի եւ Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցությունը, իսկ մյուս կողմից՝ այն փաստարկները, որոնցով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց 252 բանաձեւի ընդունումը՝ այն անվանելով «համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն եւ կարեւոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»՝ ո՞րը կկշռի ավելի ծանր: Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան ասաց. «Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ առարկայական հարաբերություններ են: Շա՛տ բան կա դրված նժարին, եւ հետեւաբար՝ կորցնելու շատ ավելի մեծ բան կա, քան ամերիկա-հայկական հարաբերությունները: Այս կտրվածքով՝ անշուշտ, ԱՄՆ-ն շատ ավելի կարեւորում է այն, ինչ կկորցնի Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ, քան թե Հայաստանի պարագայում: Սա անշուշտ չի նշանակում, թե ԱՄՆ-ն Թուրքիայի ակնկալիքները կբավարարի, միայն այդ պատճառով, քանի որ այդ նժարը շատ ավելի ծանր է: Նրանց համար հավասարապես կարեւոր է հայ-թուրքական սահմանի բացումը, ինչի մասին բարձրաձայնել են: Եվ ես կարծում եմ, թե Հայաստանն այնպիսի անելանելի իրավիճակում է, որ մեր երկրից ԱՄՆ-ն շատ մեծ դիմադրություն, «կապրիզներ ու ռեակցիաներ» չի սպասում: Հետեւաբար խնդիր չունեն հայկական կողմի ակնկալիքների մասին լուրջ մտածելու: Նրանք հայկական հարցերի մասին մտածում են այնքանով, որքանով դա իրենց պետք է Թուրքիայի վարքագծի վրա ազդելու համար, եւ հայկական խնդիրը հենց այդ համատեքստում էլ օգտագործում են: Չնայած մեր իշխանությունը եւ ԱՄՆ մեկնած պատվիրակությունը շա՜տ է ուզում հավատալ, թե Հայաստանի աշխատանքի շնորհքն էր, որ ընդունվեց այդ բանաձեւը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել