Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուծումը պիտի երաշխավորի հայերի անվտանգությունը

Մարտ 12,2010 00:00

Վստահ է ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական «Ռոուզ Ռութ» սեմինարի առաջին օրը գրեթե ամբողջությամբ նվիրվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բոլոր ելույթ ունեցողները, որոշ հերթապահ մտքերից հետո, սահուն անցում էին կատարում Ղարաբաղի հարցին եւ այդ հարցի շուրջ խոսում էին բավականին հանգամանալից:

ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը եւս իր մոտ 15 րոպեանոց ելույթն ամբողջությամբ նվիրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասում դժվարությունների կամ մարտահրավերների առանցքն է: Տարիներ շարունակ, արդեն իմ պաշտոնի բերմամբ, որպես ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ՝ ես հետեւում եմ զարգացումներին եւ իրադարձություններին եւ պիտի մի քանի բան ասեմ հակամարտության մասին: Նախ եւ առաջ՝ լուծումը հնարավոր է: Երբեմն ասում են՝ սառեցված հակամարտություն, հակամարտությունը սառեցված չէ: Դա ապակողմնորոշող անվանում է, քանի որ հակամարտությունը դեռ կյանքի նշույլներ է ցույց տալիս: Շփման գծի եզրերին տարին 20-30 մարդ է սպանվում, նշանակում է՝ հակամարտությունը երկու երկրների համար առաջացնում է լուրջ լարվածություն եւ բեռ է: Տնտեսական ծախսեր, քաղաքական մեծ հետեւանքներ, իհարկե, լիցք եւ եռանդ է խլում պետությունից: Երիտասարդ մարդիկ պետք է համալսարանում սովորեին կամ աշխատեին եւ ոչ թե շփման եզրում՝ այս ու այն կողմում խրամատներում նստեն, որոնք ավելի վատն են, քան Առաջին համաշխարհային պատերազմի խրամատները: Կարեւոր է, որպեսզի երկու պետությունները գտնեն այս հակամարտության լուծումը: Նորից եմ ասում՝ կարծում եմ, որ հնարավոր է լուծման հանգել»: Պարոն Լենմարկերը հիշեցրեց, որ լուծումը դրսից չի գալու, ներսից պետք է գտնվի՝ երկու երկրների ներսում։ Ասաց, որ իրենք ընդամենը կարող են սատարել: Որպես սատարող՝ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին՝ վերջիններիս որակելով որպես «երեք հրացանակիրներ», եւ նրանց ավելացրեց եւ չորրորդին՝ դեսպան Կասպրչիկին: Գորան Լենմարկերի կարծիքով՝ հարցի կարգավորումը ոչ մի կերպ չի կարելի տեղափոխել միջազգային այլ հարթակներ:

ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ զեկուցողը շեշտեց, որ պիտի լինի այնպիսի լուծում, որը կերաշխավորի Հայաստանի եւ հայերի անվտանգությունը: Այս մտքից հետո պարոն Լենմարկերը հիշեցրեց մեզ մեր պատմությունը, ասելով, որ այն լի է ողբերգություններով. «Այդ պատճառով էլ հակամարտության լուծումը պիտի ապահովի հայ ժողովրդի անվտանգությունը, որպեսզի ասեն՝ այո, մենք համաձայն ենք այդ լուծմանը: Դա պետք է ադրբեջանական կողմը ընկալի. իմ խնդիրներից մեկը նաեւ դա է։ Հանդիպելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ՝ պարզապես պետք է այդ մասին իրենց հիշեցնեմ: Եվ դա պետք է լինի լուծման հիմնական տարրերից մեկը»: Գորան Լենմարկերը մեզ էլ հորդորեց հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը. «Ադրբեջանի դիրքը պարտվող լինելու զգացողությունն է, ագրեսիայի զոհը լինելու զգացողությունը, անարդարության զգացում ունեն իրենք: Իրենք պիտի զգան, որ լուծումը արդարացի է նաեւ իրենց համար: Դա պետք է այստեղ՝ Երեւանում, հասկանաք, հասկանաք, որ պետք է հաշվի առնեք նաեւ իրենց զգացումները»: Գորան Լենմարկերի կարծիքով՝ հակամարտությունը չի կարելի շահարկել ատելություն սերմանելու համար, ինչպես արվում է Ադրբեջանում. «Ինձ երբեմն մտահոգում է խնդիրը ոչ այնքան Հայաստանում, որքան Ադրբեջանում»: Վերջում պարոն Լենմարկերը կոչ արեց մեր երկրում գործող բոլոր քաղաքական ուժերին, պաշտոնյաներին, լրագրողներին օժանդակել երկրի ղեկավարությանը խաղաղության բանակցություններում. «Հայկական կողմի մոտ լուծման գնալու կամք կա, եւ ես ուրախ եմ դա ասել, դա ոչ միայն իմ տպավորությունն է, այլեւ գործընթացին հետեւող բազմաթիվ անձանց տպավորությունը»: Կարեւորեց, որ լուծումը լինի շուտով եւ ոչ թե հեռավոր կամ անգամ՝ մոտ ապագայում. «Լուծումը այսօր ապրողների համար է եւ դրանով է հրատապ, մի մոռացեք, որ մարդիկ են զոհվում եւ մոտակա ամիսներին զոհվելու են շփման գծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել